Քննարկում Ուկրաինայի հարցով. «Ամեն ինչ գնում է կուլմինացիայի, իրական զինված բախման»
Այժմ, կարելի է ասել, քաղաքում պատրաստություններ են ընթանում` լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ուկրաինայում «Ինտերնյուզ» կազմակերպության ներկայացուցիչ Անատոլի Մարցինովսկին` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է այժմ կատարվում Կիևում:
«Տեղեկություններ են ստացվում զրահատեխնիկայի տեղաշարժերի, ուժայինների, ոստիկանության վերակենտրոնացման մասին, իսկ կիևցիները և նրանք, ում դուր չի գալիս այն,ինչ կատարվում է, իրենց հերթին փորձում են արգելափակել ուժայինների տեղաշարժը: Բացի Կիևից` մի շարք շրջաններում ոստիկանությունը և հատուկ ծառայություններն անցնում են ժողովրդի կողմը:
Այնպես որ՝ վախենամ, թե ամեն ինչ գնում է կուլմինացիայի, իրական զինված բախման, որը բավական սարսափելի է լինելու,- ասաց Մարցինովսկին:- Իշխանությունները կրկին կփորձեն մաքրել Մայդանը»:
Իսկ այդ կուլմինացիան, ըստ ուկրաինացու, տեղի կունենա այսօր երեկոյան կամ գիշերը:
Իսկ երևանյան կողմից քննարկմանը մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ իր համերաշխությունն է հայտնում Մայդանին և ուկրաինացի ժողովրդին, և, իր կարծիքով` Հայաստանում մարդիկ համակ ուշադրությամբ հետևում են և մտահոգված են Ուկրաինայի ճակատագրով:
«Ուկրաինան բարեկամական երկիր է մեզ համար: Ես ցավակցում եմ զոհված քաղաքացիներին, ինչպես նաև սպանված այն բերկուտցիներին , ովքեր սպանվել են յուրայինների կողմից, որպեսզի մեղքը գցվի ընդդիմության վրա: Կա այդպիսի տեղեկություն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նա տարակուսանք հայտնեց այն տեսակետի վերաբերյալ, թե Ուկրաինայի իշխանությունը լեգիտիմ է, և իշխանության դեմ դուրս եկած քաղաքացիները պետական հեղաշրջման փորձ են կատարում:
«ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակ գրված է, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու հանցավոր իշխանության դեմ, ԱՄՆ-ի Սահմանդրության մեջ ևս կա դրույթ, ըստ որի` ժողովուրդն իրավունք ունի զինված ապստամբության, եթե իշխանությունը նրա դեմ մասսայական զենք է կիրառում: Սա շատ կարևոր է, որովհետև ես ապշեցի մինչ այս Միացյալ Նահանգների հայտնած պաշտոնական դիրքորոշումից, երբ նրանք ասեցին, թե «լեգիտիմ ընտրված իշխանություն է, և նրանց հետ պետք է աշխատել»:
Նույնը մեկ ամիս առաջ ասում էին գերմանացի պաշտոնական դեմքերը: Եվ երկրորդը` եթե իշխանությունը կրակում է սեփական ժողովրդի վրա, այդ իշխանությունն այլևս լեգիտիմ չէ»,- նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտորությունների կենտրոնի ղեկավարը:
Լրագրող Դմիտրի Կրիկունն էլ իր հերթին ասաց, որ նախագահ Յանուկովիչը բավական ինքնուրույն խաղացող է, սակայն օրեցօր դադարում է լինել այն մարդը, ով մարմնավորում է Ուկրաինայի իշխանությունը: «Սա վատ ուկրաինացիների համար, որովհետև նրանք չեն հասկանում` ով է հիմա որոշումներ կայացնում և ով է Բերկուտին հրաման տալիս կրակել, և սա վատ է նաև ժողովրդավարական երկրների համար, որոնք չգիտեն` ինչ խոսել Յանուկովիչի հետ: Եվ ինձ թվում է, որ սա խնդիրներ է ստեղծում նաև ռեժիմի և Ռուսաստանի հարաբերություններում: Օրինակ` այսօր Ռուսաստանի վարչապետը շատ տարօրինակ է արտահայտվեց, նա, առանց Յանուկովիչի անունը նշելու, ասաց, թե «ուկրաինականիշխանությունը նման է փալասի, որի վրա ոտքեր են մաքրում»:
Սա ռուսաստանյան վարչապետի խոսքերն են, սա աննախադեպ երևույթ է»,- նշեց Կրիկունը:
Իսկ ընդդիմադիր ուժերի վերաբերյալ գրեթե բոլոր ուկրաինացի բանախոսներն ընդգծեցին, որ նրանք չեն հանդիսանում Մայդանի ղեկավարները, նրանք ընդամենը միջնորդներ են:
Այս առումով` Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը նշեց, որ այսօր Ուկրաինայում չկա որևէ մեկը, ով կարող է հայտարարել, որ ինքը կառավարում է Մայդանը:
Իսկ հարցին, թե Մայդանը, փաստորեն, տարերային, չկառավարվող շարժում է, Մատվիյչուկը պատասխանեց. «Մայդանի ներսում կան տարբեր խմբեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր առաջնորդը. առաջնորդ ունի ինքնապաշտպանությունը, առաջնորդ ունեն բժիշկները և այլն: Այսինքն` այստեղ ամենատարբեր գաղափարախոսությունների և ամենատարբեր հոսանքների, միավորումների և շարժումների ներկայացուցիչներ են»: