Ուկրաինացի լրագրող. Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ ժողովրդին
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպվեց քննարկում` նվիրված վերջին օրերին Ուկրաինայում շարունակվող իրադարձություններին: «Մեդիա Կենտրոնի» հետ Կիևից տեսազանգով միացել էր ուկրաինացի լրագրող Դմիտրի Կրիկունը, ով ներկայացրեց այսօրվա իրավիճակը Կիևում և ընդհանրապես` Ուկրաինայում: Նրա խոսքերով` այժմ Ուկրաինայում տեղի է ունենումմ հանցավոր իշխանության և ժողովրդի դիմակայությունը:
Լրագրողն ընդգծեց, որ իշխանությունն է պայքարում ապստամբած ժողովրդի դեմ, այդ իսկ պատճառով սկզբունքորեն սխալ է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին տալ «քաղաքացիական պատերազմ» ձևակերպումը, կամ էլ Մայդանի հրապարակում հավաքվածներին անվանել «ծայրահեղականներ», ինչպես անում են Ուկրաինայի իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները կամ ռուսաստանյան քարոզչական մեքենան:
Կրիկունը հատկապես ուշադրություն հրավիրեց հենց ռուսական պետական լրատվամիջոցների քաղաքականությանը` ուկրաինական գործընթացների լուսաբանման հարցում, նա նաև կարևորեց այս հարցը այն պատճառով, որ Հայաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ռուսաստանյան քարոզչության ձայնը բավական ուժեղ է:
Շարունակելով լրատվամիջոցների և լրագրողների թեման` մեդիա փորձագետ Դմրիտրի Կրիկունը նշեց, որ հենց լրագրողներն են Ուկրաինայի ուժային կառույցների և զորքերի հիմնական թիրախներից մեկը, և վերջին օրերին տարբեր տեսակի վիրավորումներ են ստացել և բռնությունների են ենթարկվել շուրջ 40 լրագրողներ, իսկ նրանցից մեկը`«Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերյոմին սպանվել է:
«Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ ժողովրդին, ես չգիտեմ, թե արդյոք այդ մասին գիտեն Հայաստանում, թե ոչ, բայց Մայդանում զոհված առաջին քաղաքացին ազգությամբ հայ էր` Սերգեյ Նիգոյանը` Դնեպրոպետրովսկի բնակիչ: Շնորհակալություն հայ ժողովրդին, որ մեզ տվել եք իսկական հայրենասեր»,- ավելացրեց Դմիտրի Կրիկունը` հուզվելով այս խոսքերն արտաբերելիս: