«Նաիրիտի» միլիոնավոր պարտքերն ու ծանր վիճակը՝ կանխամտածված վնասարարություն. ՉԻ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի իրավաբանական հանձնախումբը երեկ հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Հանձնախումբը նշել է, որ 2006-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում իրականացվել է «Նաիրիտ» գործարանի «անգրագետ» ղեկավարում՝ կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվել են 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, սխալ ղեկավարման արդյունքում գործարանում եղել են հրդեհներ ու պայթյուններ, մարդկային զոհեր։
«Նաիրիտ»-ի շուրջ տեղի ունեցած խարդախությունների հիմնական պատասխանատու է համարվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացրած առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել »Նաիրիտ« գործարանի՝ պետական գույքի հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ» մարկետինգ կազմակերպության, 20.000 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinosille Propertry Limited) օֆշորային ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչև օրս անհայտ են հանրությանը։
Զեկույցի եզրակացությունում նշված է. «Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, պետականացվել է նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչև օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ։ Այս հարցում առանձնանում է Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, քանի որ նա հանդես է եկել 2 կողմից՝
- Հայաստանում որպես Կենտրոնական բանկի նախագահ. «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերր նվիրվաբերել է Rhinosille Propertry Limited օֆշորային ընկերությանը։
- Ռուսաստանում՝ արդեն որպես «Մեժգոսբանկի» նախագահ. այդ նույն Rhinosille Propertry Limited օֆշորային ընկերությանը տվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերի դիմաց։
Եվ այս ամենի պատճառով է, որ «Մեժգոսբանկի» ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտվել են, բռնագանձվել է նրանց գույքը, քանի որ նրանք կատարել են Տիգրան Սարգսյանի հրամանները (այդ ժամանակ Տ. Սարգսյանը հանդիսանում էր «Մեժգոսբանկի» նախագահ)։
ԵՀՄՖ-ն զգուշացրել է, որ այս զեկույցին պատասխան չստանալու դեպքում կներկայացնի մատնանշված հանցագործությունների շուրջ առավել մանրակրիտ տեղեկատվություն, և առկա կներկայացվեն միջազգային փորձագետներին և արդարադատության մարմիններին՝ «հայցելով օգնություն՝ ՀՀ-ում պետպաշտոնյաների կողմից կազմակերպված միջազգային մակարդակի կողոպուտների և օֆշորային սկանդալների բացահայտման հարցում»։