Արծվիկ Մինասյանը կոչ է անում ֆոնդ չընտրել ու վճարումներ չկատարել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քաղաքացիներին հորդորում է կենսաթոշակային պարտադիր վճարումները չկատարել: Ի պատասխան այն հարցին, թե ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հայտարարությունը (կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ գործատուները, ոպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն) արհամարհական քայլ չէ՞ Սահմանադրականի դատարանի որոշման նկատմամբ, նա հայտարարեց.

«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ կառավարությունն, ի դեմս իր տարբեր կառույցների իրականացնում է, ինքը գնահատում է որպես հակաօրինական, հակասահմանադրական:

Դիմելով գործատուներին՝ Մինասյանը խնդրեց  չգանձել աշխատակիցներից կենսաթոշակային վճարներն ու այդ հարցով կոնֆլիկտի մեջ չմտնել նրանց հետ: «Սա կառավարության և իշխանության հերթական հնարքն է՝ փորձել կոնֆլիկտը տեղափոխել գործատու-աշխատող հարաբերություններ, որպեսզի իրենք տաք բլիթներն ուտեն: Ես առաջարկում եմ, որ լինենք վճռական, որովհետև այս հարցում մեր հանդուրժողականությունն արդեն սպառվել է: Ամեն օր կառավարությունն ու իշխանության տարբեր օղակներ մի նոր հնարք են փորձում գտնել՝ ճնշելու, պարտադրելու հակաօրինական վարքագիծ»,- նկատեց նա:

Մինասյանը շեշտեց, որ չկա որևէ օրենք, որը ՍԴ որոշումից հետո կարող  է պատասխանատվության ենթարկել այն գործատուին կամ քաղաքացուն, ով մինչև մարտի 28-ը չի կատարի պարտասիր կենսաթոշակային վճարները:

Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե գործատուների 99 տոկոսը պահումներ են կատարել, Մինասյանն ասաց, թե դա բացահայտ ապատեղեկատվություն է: «Իրենք անցել են բացահայտ ապատեղեկատվության: Իրենք սկսկել են նաև մանիպուլյացիաներ իրականացնել՝ բառախաղերով: Պահելն այլ բան է, հաշվարկելն այլ բան է, փոխանցելն այլ բան է: Իրենք փորձում են նաև այս բառերի մեջ մանիպուլյացիա իրականացնել: Անընդհատ փորձում են հասարակությանը ներկայացնել, թե համակարգն անխափան աշխատում է. դա այդպես չէ: Համակարգը չի կարող անխափան աշխատել, այդ համակարգն իր մեջ հակասություն ունի»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Մինասյանը նկատեց նաև, թե այն գործատուների միջոցով, ովքեր պահումներ են կատարել, կառավարությունը փորձում է այլ վարքագիծ ցուցաբերել: «Այս քայլով փորձում են դրդել, պարտադրել, որ այդ գործատուները կատարեն քայլը, և հետո ՍԴ-ում, նույն կառավարությունը, կանգնի ու հպարտորեն ասի, որ տեսեք՝ թեև կասեցրել եք, գործատուները և աշխատակիցները կամավոր վարքագիծ են ցուցաբերում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս