Բաժիններ՝

«Նա ինձ տիրացավ երեք անգամ, հետո շրջեց ինչպես կարտոֆիլի պարկը…». Հայաստանում այս նախադասությունն արգելվում է

Փետրվարի 12-ին  «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշեց հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»: Կինոթատրոնը, խուսափելով անհարկի շահարկումներից, որոշել է չցուցացադրել:

Այն, որ այդ ֆիլմի ցուցադրման դեմ բազմաթիվ մարդիկ բողոքում-աղմկում էին՝ ակնհայտ էր նույնիսկ համացանցում եղած արձագանքներից, որոնք դեմ էին արտահայտվում ֆիլմի ցուցադրությանը՝ պատճառաբանությամբ, թե դա հարիր չէ հայի նկարագրին: Փաստորեն, Հայաստանում սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներին, մշակութային և քաղաքական դաշտում առկա խորը ճգնաժամին զուգահեռ՝ «մի շարք քաղաքացիներ և հասարակական խմբեր» իրենց արձագանքներով կարողացան սահմանափակել նաև նույն հասարակության մյուս քաղաքացիների՝ համաշխարհային մշակույթի գործերը վայելելու իրավունքը: Թերևս կինոթատրոնի ղեկավարությանը ևս անակնկալի էր բերել այդ «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի» նմանօրինակ արձագանքը՝ աշխարհի կինոգետների ուշադրությանն արժանացած և աշխարհի լավագույն կինոթատրոններում ցուցադրված կինոնկարի նկատմամբ:  «Նիմֆոմանուհին» այժմ էլ շարունակում է ակտիվորեն և հաջողությամբ ցուցադրվել ռուսաստանյան «Սինեմա Սթար»  ցանցի բոլոր կինթատրոններում (Երևանի «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» ռուսական «Սինեմա Սթար»  կինոթատրոնների ցանցի կազմում է գտնվում): Ի դեպ, դեռ ամիսներ առաջ հայ հասարակությունը դժգոհում էր հայաստանյան կինոթատրոնների սակավությունից, և որ դրանք միայն դրամարկղային և մշակութային չհամարվող էժան ֆիլմեր էին ցուցադրում: Այժմ, երբ «Սինեմա Սթարը» Երևան է բերում համաշխարհային կինոարվեստի բոլոր որակյալ և աղմկահարույց թանկարժեք նորույթները, հասարակությունը դժգոհում է, թե դրանք «հարիր չեն ազգին»: Հետաքրքիր է նաև, որ այդ «մի շարք քաղաքացիները և հասարակական խմբերը» լավ էլ հասկանում են, որ հայկական կինոթատրոնում վճարովի սկզբունքով աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկի նոր ժապավենը ցուցադրելը ոչ մի վտանգ չի ներկայացնում ազգային արժեքների կորստի տեսանկյունից: Չէ՞ որ Հայաստանի քաղաքացին անսահմանափակ հնարավորություն ունի տարաբնույթ էրոտիկ և պոռնոգրաֆիկ ֆիլմեր նայել ինտերնետում կամ այցելել իր «քթի տակ գտնվող» այնպիսի հասարակական վայրեր, որոնք իրենցից ոչ մի մշակութային արժեք չներկայացնելով՝ սպառնում են հայկական ընտանիքի ամրությանն ու ազգային՝ առանց այն էլ կորսվող արժեքներին:

Ինչևէ, «Նիմֆոմանուհու» համաշխարհային (և մասնավորապես՝ ռուսաստանյան) պրեմիերան արդեն կայացել է, և կցանկանայինք ազգային և ընտանեկան արժեքների պահպանմամբ «մտահոգված» քաղաքացիներին և խմբերին ծանոթացնել ֆիլմի արձագանքներին:

Kinopoisk.ru-ի մեկնաբանը գրում է, որ «Նիմֆոմանուհին» Լարս ֆոն Տրիերի ամենածիծաղելի ժապավենն է և որ «շարքային հանդիսատեսին ամենահարմարն է»: «Պետք է վստահորեն ասել, որ հանդիսատեսի մեծ մասն ավելի շատ բան է իմանում ձկնորսության մասին, քան՝ սեքսի», – գրում է Էմի Նիկոլսոնը L.A. Weekly-ից:  Իսկ ֆրանսիացի Ջոշ Ֆրոշը «Նիմֆոմանուհին» բնութագրում է որպես «սրամիտ և ապշեցուցիչ գեղեցիկ» ժապավեն:

Կինոքննադատները համակարծիք են, որ երբ ֆոն Տրիերը խոսում էր, իբր «Նիմֆոմանուհին» պոռնոգրաֆիկ դրամա է լինելու, դա ընդամենը գովազդային քայլ էր, և որ ժապավենը կապ չունի այդ ժանրի հետ: Դրա վառ ապացույցն է մեկ դրվագ ֆիլմից:

Հերոսուհին պատմում է. «Նա ինձ տիրացավ երեք անգամ, հետո շրջեց ինչպես կարտոֆիլի պարկը…»: Այդ պահին էկրանին հայտնվում է կարտոֆիլի պարկ: Հետո շարունակում է. «Այնուհետև 5 անգամ տիրացավ հետևից…»: Եվ էկրանին հայտնվում են մեծ թվեր՝ 3+5:

 

Թոմսոն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս