Բաժիններ՝

Սինեմա Սթար Դալմա Գարդենը որոշել է հրաժարվել «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից

«Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ:

«Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է նոր ձեւաչափի առաջին եւ միակ կինոթատրոնը Հայաստանում, որը ենթադրում է որակապես նոր մոտեցում ժամանցի ոլորտում: Բացի ժամանակակից տեխնիկական ներուժից, այն թույլ է տալիս նաեւ հետեւել ֆիլմերի ցուցադրությանը` ետ չմնալով դրանց համաշխարհային պրեմիերաներից: «Սինեմա Սթարի» հիմնական առաքելությունն է` հայաստանյան հանդիսատեսին հնարավորություն ընձեռել տեսնելու համաշխարհային կինոյի նորույթները համաշխարհային վարձույթում դրանց պաշտոնական հայտնվելու հետ միաժամանակ:

Բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձավ «ընտանեկան տարածք» եւ երեւանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ:

Վստահեցնում ենք, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» հավատարիմ կմնա իր քաղաքականությանը եւ կշարունակի հայաստանյան հանդիսատեսին ուրախացնել համաշխարհային կինոյի նորույթներով` եվրոպական ու ռուսաստանյան պրեմիերաներին զուգընթաց:

«Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերայի նախօրոք ամրագրված տոմսերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կինոթատրոնի տոմսարկղերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս