Երբ իշխանությունը գործում է Tefal-ի սկզբունքով
Զարմանալի մի երևույթ է նկատվում Հայաստանում։ Իշխանությունն ամեն ինչ` թեկուզ ամենաբացասական քայլերը, փորձ է անում բացատրել մի «վեհ նպատակով»` մենք սա անում ենք ձեզ համար։ Այսինքն` այն մարդկանց համար, ում գրպանը, նման «բարի» քայլերի արդյունքում, սովորաբար, թեթևանում է։ Օրինակ` տեղադրվում են արագաչափեր` այն հիմնավորմամբ, որ դա արվում է վարորդների անվտանգությունը բարձրացնելու համար։ Ծխախոտի հարկն ավելանում է` այն հիմնավորմամբ, որ դա արվում է մեր առողջության համար։ Մեր փոխարեն որոշում են, որ պետք է ինտեգրվենք Եվրոպական միությանը` ստորագրենք Ասոցացման համաձայնագիր, իսկ հետո մեր փոխարեն փոշմանում են` ընտրելով Մաքսային միությունը։ Ասում են` այդպես շատ ավելի լավ է, թեպետ դուք դա միգուցե չհասկանաք։
Ընթերցողները, թերևս, հիշում են կենցաղային տեխնիկա արտադրող Tefal ընկերության գովազդը` համապատասխան կարգախոսով` «Мы всегда думаем о вас»: Կառավարության գործելաոճն այժմ հիշեցնում է Tefal-ի մարքետինգային ռազմավարությունը` այն տարբերությամբ, որ այդ բրենդը չէր պարտադրում մեզ գնել իր արտադրանքը և ընտրելու իրավունքը թողնում էր մեզ։
Կառավարության, թերևս, ամենաաղմկահարույց և հակասական նախաձեռնությունը` կուտակային կենսաթոշակային համակարգը` իր պարտադիր բաղադրիչով, նույնպես բացառություն չէր։ Մատի փաթաթան դարձնելով այն միտքը, որ բարեփոխումները միշտ էլ սրերով են ընդունվում` կառավարությունը տեղի չի տալիս և չի ցանկանում գոնե մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը։ Հակառակը։ փորձում է մեզ համոզել, որ այնքան շատ է մտածում մեր բարեկեցիկ ծերության մասին, որ մեր փոխարեն մեզ ստիպում է այսօրվանից միջոցներ կուտակել։ Բոլոր հիմնավորումներն ու փաստարկները փշրվում են` բախվելով սեփական բնակչության նկատմամբ այս աննկարագրելի «սիրո պատին»։ Ընդ որում, այդ սերն այնքան ուժեղ է, որ դրան չի կարողանում խոչընդոտել անգամ Սահմանադրական դատարանի որոշումը` կասեցնել վերը նշված օրենքի որոշ դրույթներ մինչև մարտի 28-ը։ Օգտագործելով իր բոլոր լծակները` կառավարությունը բոլորին ստիպում է կատարել վճարումները։
Ընդ որում, այդ գործելաոճը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում տարբեր մեկնաբանություններ այն մասին, որ ՍԴ որոշումն աշխատողներին չի ազատում պարտադիր 5%-ները վճարելու պարտականությունից։ Ու կրկին փորձ է արվում այս ամենը ներկայացնել` որպես մեր նկատմամբ սիրո և սրտացավության դրսևորում։ Օրինակ` Կենտրոնական բանկն իր հայտնի հաղորդագրության մեջ ասում էր. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»: Ասել է թե` միևնույն է` մենք համոզված ենք, որ ՍԴ-ն ուժի մեջ է թողնելու օրենքը, և որպեսզի հետո ստիպված չլինեք միանվագ կատարել բաց թողնված 2-3 ամիսների վճարները, մենք դրանք առայժմ կպահենք` թեկուզ առանց ձեր համաձայնության։
Իրենց հերթին` իշխանական վերնախավին մոտ գտնվող մի շարք ընկերություններ, դրոշ սարքելով այս մեկնաբանությունը, իրենց աշխատակիցներից պահում են այդ չարաբաստիկ 5%-ները` մտածելով մեր մասին։ Ոչինչ, որ հետո Սահմանադրական դատարանն այս տիպի մեկնաբանությունները համարեց «օրենքին դեմ գնալ»։ Ու ոչ մի ազդեցություն չունեցավ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի հայտարարությունը, որ «որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել»: «Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են… Նրանց ի՞նչ գործն է` մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք. եթե այսպես լինի` այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշխատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»,- ասել էր Հակոբյանը:
Այդքանից հետո շարունակում են պահումներ անել աշխատավարձերից։ Ու դրանից զարմանալ պետք չէ, որովհետև 5%-ները պահել են անգամ Սահմանադրական դատարանի աշխատակիցներից։ 5%-ները պահել են նաև ԱԺ պատգամավորներից, այդ թվում` նրանցից, ովքեր իրենք են դիմել ՍԴ` նշված օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով։ Նման բան, երևի, Հայաստանից բացի, ուրիշ տեղ չեք հանդիպի։
Պետք չէ վերլուծել ու փորձել հասկանալ` ինչո՞ւ է իշխանությունն այսքան համառ պարտադիր վճարների հարցում։ Ու առավել ևս` պետք չէ վերլուծություններ անել ու տրվել դավադրությունների տեսությանը։ Ամեն ինչ թաքնված է սիրո մեջ. Իշխանությունները մեզ այնքան են սիրում, որ անգամ ՍԴ-ի որոշմանը կարող են դեմ գնալ։ Այնպես որ, բոլոր նրանք, ում աշխատավարձերից վերջին շրջանում պահել են 5%-ները, կարող են համարել, որ դա կառավարության նվերն է` Վալենտինի և Սուրբ Սարգսի տոներին ընդառաջ։
Ու ամենակարևորը` այդ սերը նոր չէ, որ դրսևորվում է։ Այն առավել ցայտուն երևում է մի քանի տարին մեկ` ընտրություններ կոչվող միջոցառման ժամանակ։ Քանի որ մենք ինքներս չենք հասկանում` ով ավելի լավ կղեկավարի երկիրը, մեր փոխարեն դա որոշում են` մտածելով մեր իսկ ապագայի մասին։ Բա հո չե՞ն կարող թույլ տալ, որ սխալվենք ու դառնանք մի երկիր, որտեղ մեր փոխարեն` ոչ ոք ոչինչ չի որոշում։