Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսվում
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի քանդումն ապահովելու և բնակիչների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով 2011-2013թթ.-ին հատկացվել է թվով 34 բնակարան՝ Երևան համայնքի սեփականություն համարվող նորակառույց շենքերում, այդ թվում Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքում:
Շինարարների 15 շենքում բնակվող 30 ընտանիքները բնակարաններն ազատել են մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը: Սակայն նույն շենքի 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքները հրաժարվել են կամավոր ազատել բնակարանները և տեղափոխվել իրենց հատկացված՝ մոնոլիտ միջհարկային ծածկեր ունեցող նոր կառուցած շենքի բնակարանները, որոնք ապահովված են բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
2013թ. սեպտեմբերից Երևանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը վերը նշված 4 ընտանիքների հետ բազմիցս կազմակերպել է հանդիպում-քննարկումներ: Հանդիպումների ընթացքում բնակիչների միակ պահանջը եղել է հավելյալ բնակարանների տրամադրումը: Շենքում բնակությունը շարունակող 4 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.
1. Շինարարների 15 շենքի հ.17 երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը տնօրինող Սեդա Հարությունյանի տղայի՝ Արամ Հարությունյանի ընտանիքին և 2 սենյակները տնօրինող Սեդա Հարությունյանի ընտանիքին դրանք հատկացված են եղել որպես խորդանոց օգտագործելու համար առանց սեփականության իրավունքի, որի դիմաց վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով, Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4903-Ա և հ.4910-Ա որոշումներով Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.56 մեկ սենյականոց և հ.52 երկու սենյականոց առանձին բնակարաններ:
2. Շինարարների 15 շենքի հ.19 երկու սենյականոց՝ որպես խորդանոց օգտագործելու համար հատկացված բնակարանը տնօրինող և սեփականության իրավունք չունեցող Խրիստաֆոր Խաչատրյանի ընտանիքի 7 անձին՝ այդ թվում հրապարակման մեջ հիշատակվող Արման Խաչատրյանին, վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով, Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4909-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.4 երկու սենյականոց բնակարան:
3. Շինարարների 15 շենքի հ.20 երեք սենյականոց բնակարանի վարձակալ Վազգեն Գասպարյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4925-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.97 երեք սենյականոց բնակարան:
4. Շինարարների 15 շենքի հ.29 մեկ սենյականոց բնակարանի վարձակալ Գայանե Քարտաշյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4920-Ա որոշմամբ Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.98 մեկ սենյականոց բնակարան:
Արդյունքում բոլոր 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքներին հատկացվել են նույն սենյակների քանակով բնակարաններ, ինչը զբաղեցնում են վթարային շենքում և, ըստ էության, բնակիչների պահանջն է, օգտվելով առիթից, ստանալ լրացուցիչ բնակարան:
Անդրադառնալով շենքի ջրամատակարարման դադարեցման հետ կապված հարցին, տեղեկացնենք, որ, այո, այն դադարեցվել է, հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի համգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որի դեպքում վտանգ է սպառնում ոչ միայն վերը նշված 4 ընտանիքների կյանքին ու առողջությանը, այլև շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիներին:
Հաշվի առնելով նշված հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները դեռևս 23.05.2012թ. օրենքով սահմանված կարգով ընդունվել է Երևանի քաղաքապետի <<Երևան քաղաքի Շինարարների փողոցի հ.15 քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների ազատման մասին>> հ.4061-Ա որոշումը, որով առաջարկվել է բնակիչներին մինչև 2012 թվականի հունիսի 15-ն ազատել վթարային շենքի բնակարանները: Միաժամանակ նշված որոշմամբ բնակիչները նախազգուշացվել են, որ որոշմամբ նախատեսված պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:
Երևանի քաղաքապետարանը, շարունակելով բնակիչների հետ բանակցություններն ու պարբերաբար կազմակերպելով հանդիպում-քննարկումներ, բազմիցս հորդորել է բնակիչներին և համբերատար սպասել վերջինների կողմից բնակարանների կամավոր ազատմանը: Բավարար ժամանակ ունենալով հատկացված բնակարաններ կամավոր տեղափոխվելու համար, Երևանի քաղաքապետարանը անարդյունք համարելով բնակիչների հետ տարվող աշխատանքը նշված որոշմամբ սահմանված ժամկետները Երևանի քաղաքապետի 31.01.2014թ. հ.236-Ա որոշմամբ մինչև 2014թ. փետրվարի 3-ը երկարաձգվելուց հետո ստիպված կիրառել է վարչական հարկադրանքի միջոցներ:
Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում:
Ելնելով վերը նշվածից 4 բնակարաններն զբաղեցնող բնակիչները պարտավոր են շուտափույթ տեղափոխվել նոր բնակարաններ և ազատել զբաղեցրած խիստ վթարային բնակարանները:
Երևանի քաղաքապետարան