Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյան. Մամիկոն Խոջոյանը հազիվ խոսում է
Կարմիր խաչի ներկայացուցիչները Հայաստանի սահմանն անցած և Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանին են փոխանցել նրա թոռան նամակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը: «Թոռնիկի նամակը հանձնել են իրեն և ասել, որ նա գրի, ինքը չի կարողացել: Ինքն ի վիճակի չէ ընդհանրապես գրիչ բռնելու, չի կարող, հազիվ խոսում է»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Նա նշեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն իրեն պատմել են, որ Մամիկոն Խոջոյանի մի ձեռքը կոտրված է, մյուսը՝ ցավում է, դեմքին կապտուկներ կան: Համայնքի ղեկավարը հավելեց, որ չգիտի՝ ինչի արդյունքում է նման վնասվածքներ ստացել Մամիկոն Խոջոյանը: «Համենայնդեպս կադրերից էլ է երևում, որ ձախ աչքի կողքերը կապտած է, աջ ձեռքը կոտրված է և մյուս ձեռքն էլ ցավում է»,- ասաց Մ. Չոբանյանը:
Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ադրբեջանում գտնվող Մամիկոն Խոջոյանին հանդիպել են երեկ: Մ. Խոջոյանը Հայաստանի սահմանը հատել էր հունվարի 28-ին: