Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի հանդիպման ձևաչափը դեռևս չի որոշվել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսում որոշ պարզաբանումներ արեց կուսակցության ներքին հարցերի վերաբերյալ:

Նախ նա ողջունեց այն փաստը, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ետ կանգնեց խմբակցությունից դուրս գալու որոշումից և հայտարարեց պատգամավորական մանդատից չհրաժարվելու և իր գործունեությունը շարունակելու մասին:

«Շատ ուրախ եմ, շատ դրական եմ համարում իմ գործընկերոջ` Թևան Պողոսյանի կողմից իր այդ նախնական որոշումը չեղյալ հայտարարելը, որովհետև նա խորը պատասխանատվության զգացումով մոտեցավ հարցին,- ասաց Մարտիրոսյանը:- Շատ ճիշտ որոշում է կայացրել` ի դժբախտություն սպասողների, ովքեր չարախնդում էին, թե իբր թե «Ժառանգությունը» քանդվեց: Եթե նույնիսկ Թևան Պողոսյանն այդպիսի որոշում ընդուներ, «Ժառանգությունը» չէր քանդվի»: Նա նաև ողջունեց Ռուբիկ Հակոբյանի` կրկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու որոշումը:

Իսկ «Ժառանգության» հետ կապված երրորդը հարցը, որն ասուլիսի բանախոսն առանձնացրեց, ժողովրդի հետ առաջիկա հանդիպումն է:

Կարդացեք նաև

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ապատեղեկատվություն են տարածված լուրերը, թե «Ժառանգությունը» և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, քանի որ դեռևս հայտնի չէ քաղաքացիների հետ հանդիպման ձևաչափը:

«Ուզում եմ ձեզ ասել, որ մենք դեռևս չենք որոշել, թե ինչ ձևաչափով ենք հանդիպելու ամսի 18-ին, ինչ ձևաչափով է Րաֆֆի Հովհաննիսյանը խոսք ասելու մեր քաղաքացիներին: Քանի որ օրենքը պարտադրում է` եթե հանրային վայրում միջոցառում անցկացնելու ցանկություն կա, առնվազն 7 օր առաջ իրազեկում ներկայացնել, մենք այդ գործողությունը կատարել ենք: Թե ինչ ձևաչափով տեղի կունենա, մոտակա օրերին կքննարկենք, կորոշենք: Ուստի, չեմ կարծում, որ ճիշտ է հիմա ներկայացնել մի բան, որը դեռ չենք որոշել, հետո ներկայացնել, թե՝ տեսեք, դա չեղավ կամ այլ բան եղավ»,- պարզաբանեց «Ժառանգության» փոխնախագահը:

Ի դեպ, լրագրողներից մեկը նկատեց, որ փետրվարի 18-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նույնպես պատրաստվում է Ազատության հրապարակում հավաք կազմակերպել, ինչին ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք այնպես կանենք, որ իրար չխանգարենք»:

Տեսանյութեր

Լրահոս