Թուրքիան աջակցում է Սիրիայում անցումային կառավարության ստեղծմանը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ: Հանդիպման ավարտից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գյուլն անդրադարձել է Սիրիայի խնդրին:
Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է լիազորություններ ունեցող, արդյունավետ անցումային կառավարության ձևավորմանը: Գյուլը շնորհակալություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին ցուցաբերած աջակցության համար:
Գյուլն ընդգծել է, որ այդ գործընթացի ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտների վերացումից հետո Թուրքիան ու Եվրոպան կունենան հիանալի համագործակցություն: Գյուլի իտալական այցը կարևորվում է նրանով, որ Իտալիան այս տարվա երկրորդ կեսին նախագահելու է ԵՄ-ում: