Վլադիմիր Գասպարյան. «Աղջիկ ջան, հոգի ջան, մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում» (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս Գյումրի կատարած այցի ընթացքում անդրադարձել էր այս օրերին Կիևում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց ընթացքում ուկրաինական հատուկջոկատայինների՝ «Բերկուտի» գործողություններին:  «Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն… ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին:

Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը… Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե, անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք Ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»,- ասել էր նա:

168.am-ն այսօր Եռաբլուրում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր հայտարարությունը, որ իրենք էլ էին ծեծում, ջարդում, ստորացնում, հաղորդում չէ՞ հանցագործության մասին: «Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն և ընթացք, այսինքն՝ միլիցիան, ամբողջ այդ ընթացքում խոսել է նրա մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Ի նկատի է ունեցվել դա, որ նախկինում եղել է այդպես, պարզ ասում եմ՝ տեսե´ք, որ մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»,- ի պատասխան ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին՝ ի՞նչ է պետք անել ծեծով ու ջարդով ցուցմունքներ խլելու դեպքերը վերացնելու համար, Վ. Գասպարյանը պատասխանեց, որ պետք է միասին աշխատել. «Միասին աշխատենք: Կլինեն դեպքեր՝ ահազանգեք: Իմ ուզածը հենց ի՞նչն է եղել, որ ինչ-որ մի պրոցես կա, որ դրանից հետո օժանդակություն է պետք: Իհարկե, կարող է մի տեղ մի ինչ-որ երևույթ ինչ-որ մի ձև վատ պահի… եթե ձեզանից մենք չիմանանք, հասարակությունից չիմանանք, որտեղի՞ց պետք է իմանանք»:

Հարցին՝ երբվանի՞ց է ոստիկանությունը դադարեցրել ծեծն ու ջարդը, ոստիկանապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ առանձին երևույթներ կարող են և հիմա դրսևորվել, առանձին երևույթներ, որովհետև ոստիկանությունը մեծ կազմակերպություն է, և ցանկացած տեղ կարող է մեկ հիմար դուրս գա ոստիկանի համազգեստով, որն իրեն թույլ կտա: Բայց որ ոստիկանության քաղաքականությունը այդ առումով ժխտողական է՝ դա միաշանակ և անդառնալի է: Այնքան ժամանակ, որ ես ոստիկանապետ եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ արդյոք նախկինում ծեծողներն ու ջարդողները ենթարկվե՞լ են պատասխանատվության: «Կարծում եմ, որ համակարգում էլ չկան: Կարող է՝ մեկ երկուսին պատահաբար մոռացել ենք….»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս