«Սելֆի ոստիկանությունը» սոցցանցերի օգտատերերին կտուգանի ինքնասիրահարվածության համար
«Ողջ մարդկության անունից մենք ձեզ տուգանում ենք 1 դոլարով` յուրաքանչյուր սելֆի լուսանկարի համար: Դուք մեղավոր եք ճանաչվում ինքնասիրահարված լինելու մեջ»,-այս մասին նշվում է selfiepolice.org-ի հայտարարության մեջ:
Յուրաքանչյուր դոլար, որն օգտատերերից, այդ թվում` ինքնալուսանկարվել նախընտրող աստղերից կգանձի «սելֆի ոստիկանությունը», կուղղվի բարեգործությանը:
Սելֆի ոստիկանության թիրախում են հայտնվել արդեն Բեյոնսեն, Միշել Օբաման, Քիմ Քարդաշյանը, Մայլի Սայրուսը: Իսկ նրանց հետ միլիոնավոր օգտատերեր, ովքեր սոցիալական ցանցերում եւ, մասնավորապես, Instagram-ում, իրենց լուսանկարներն են տեղադրում, ինչի շնորհիվ էլ «սելֆի» բառը կիրառության մեջ է մտել:
The Daily Mail-ի փոխանցմամբ` տուգանքները պարտադիր չեն, դրանք կարելի է վճարել կամավոր կերպով: «Վերահսկող» մարմնի հիմնադիրները «Brigham Young» համալսարանի ուսանողների խումբն է, ովքեր կոչ են անում բոլորին միանալ «տուգանք` փառամոլության համար» ակցիային եւ հավաքված գումարն ուղղել երրորդ աշխարհի երկրների աղքատ երկրների կրթական ծրագրերին: