Կոնգրեսն ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը երկարաձգել է մինչև հունվարի 18-ը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ առանց բանավեճերի հավանության է արժանացրել երկրի դաշնային կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի 18-ը երկարաձգելը:
Ավելի վաղ Կոնգրեսում ներկայացված դեմոկրատներն ու հանրապետականները նախնական համաձայնության էին հասել մինչև սեպտեմբերի 30-ը (ընթացիկ ֆինանսական տարվա ավարտ) ավելի քան 1 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորումը երկարաձգելը:
Սակայն նրանք պատրաստ չեն գտնվել այդ համաձայնությունը հունվարի 15-ից շուտ քվեարկության դնելուն: Այս անգամ քիչ հավանական է համարվում ֆինանսավորման ճգնաժամի կրկնվելը, քանի որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցությունն էլ համոզվել են, որ դիմակայությունը խստապես վնասում է ընտրողների շրջանում իրենց վարկանիշին:
2014 թվականին տեղի են ունենալու Կոնգրեսի հերթական ընտրությունները: