ԱՄՆ կոնգրեսը համաձայնեցրել է կառավարությանն ավելի քան մեկ տրիլիոն դոլար հատկացնելը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի ու ներկայացուցիչների պալատի բանագնացները ներկայացրել են օրենքի նախագիծը, որը հստակեցնում է մինչև ֆինանսական տարվա վերջ (ավարտվում է 2014 թվականի սեպտեմբերին) կառավարության աշխատանքները ֆինանսավորելու կարգը:
Նախագծում խոսք է գնում 1 տրիլիոն և 12 միլիարդ դոլարի ծախսերի մասին: Եթե Կոնգրեսը քվեարկի նախագծի ընդունման օգտին, ապա կվերացվի հունվարի 15-ին կառավարության աշխատանքների դադարեցման հերթական սպառնալիքը:
Փաստաթուղթը բաղկացած է գրեթե 1600 էջից, մի քանի շաբաթյա քննարկումներից հետո այն հավանության է արժանացնել բանագնացների կողմից: Նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվում:
Նախորդ տարվա հոկտեմբերին ամերիկյան պետհիմնարկները դադարեցրել էին իրենց աշխատանքը, քանի որ օրենսդիրները չէին կարողացել ընդունել ֆինանսական նոր տարում (մեկնարկել է հոկտեմբերի 1-ից) կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր բյուջեի նախագիծը, որը հնարավորություն տվեց վերականգնել պետհիմնարկների աշխատանքը: Սակայն այդ ժամանակ չընդունվեցին կառավարության ֆինանսավորման շուրջ վերջնական փաստաթղթերը, ինչի համար էլ հունվարի կեսին ակնկալվում է կառավարության աշխատանքային հերթական դադարը: