«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:

Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց  ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել ջրամատակարարման, աղբյուրներում ջրի ծավալների նվազման  հետ կապված, ավելացել են վթարների դեպքերը: Միաժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած  խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են:

Պ.Լորենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ից նոր ստեղծված կոնսորցումը, որտեղ առաջատարը «SAUR»  ֆրանսիական ընկերությունն է (որը կառավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն), ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի»  եւ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը: Ըստ նրա` կառավարման փոխանցման գործընթացն իրականացվում է բնականոն կերպով, այդ առումով դժվարություններ չեն առաջացել:

Փոխվարչապետն իր հերթին  ընդգծեց գործընթացի` սահուն եւ սպառողների համար առանց դժվարությունների իրականացման կարեւորությունը: Անդրադառնալով համայնքներում ջրամատակարարմանը` նա  հորդորեց հետեւողական լինել ինչպես ընթացիկ խնդիրների լուծման հարցում, այնպես էլ, հնարավորության դեպքում,  կանխել դրանց առաջացումը:  Ա. Գեւորգյանը կարեւորեց ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման ապահովման համար մշտական աշխատանքների իրականացումը`  առաջարկելով սերտորեն համագործակցել նաեւ համապատասխան համայնքների ղեկավարների հետ:  Փոխվարչապետը հորդորեց նաեւ բնակչությանը  պարտադիր իրազեկել առաջացած խնդիրների, դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ  ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տեսանյութեր

Լրահոս