ՌԴ ԱԳՆ-ը տարվա արտաքին քաղաքական հիմնական իրադարձությունների թվում հիշատակել է նաև Սարգսյան-Ալիև հանդիպումը
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է 2013 թվականի կարևոր իրադարձությունները՝ դրանք կենտրոնացնելով 20 կետում: 4-րդ կետում խոսք է գնում ԱՊՀ երկրների հետ գործընկերության հարաբերությունների ամրապնդման, այդ թվում նաև Մաքսային միության ընդլայնման մասին:
Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում ԱՊՀ երկների միջև ստորագրվել է 20 բազմակողմ պայմանագիր, իսկ ԱՊՀ երկրների նախագահներն ու վարչապետերն ընդունել են ավելի քան 50 որոշում՝ կապված միջպետական համագործակցության բոլոր ուղղությունների և առաջին հերթին տնտեսական ուղղության, խթանման համար:
Անդրադարձ է կատարված նաև Մաքսային միությանը Հայաստանի ու Ղրղզստանի միանալու ուղղությամբ կատարված աշխատանքներին: 6-րդ կետն առնչվում է Ղարաբաղյան հակամարտությանը. «Ռուսաստանը նպատակամղված ջանքեր է գործադրել ԱՊՀ տիրույթում առկա հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական լուծումը գտնելու համատեքստում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ռուսական կողմի ձեռնարկած քայլերն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահող երկրների հետ սերտ փոխգործակցությամբ: Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումները վերսկսելու մասին»: