Բաժիններ՝

Բաղդասարովի պարտքերը մարվելո՞ւ են բյուջեից

Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն` ՀՀ քաղաքացիների գրպանից: Մեր տեղեկություններով՝ «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն դոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում: Իսկ ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարվի պետական բյուջեից: Խնդիրն այն է, որ «Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, և ՔԱԳՎ-ն կիսում է պատասխանատվությունը:

Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին), իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը: Երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որևէ ընկերության, պետք է տեղյակ լինի` այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով մեր թղթակիցը նոյեմբերի 22-ին դիմել էր ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` հետևյալ հարցադրումներով. «Այլ պետությունների ո՞ր օդանավակայաններն ու նավիգացիոն ծառայություններն են հայտեր ներկայացրել «Արմավիա» ավիաընկերության ունեցած պարտքերի մարման համար, ընդհանուր պարտքը որքա՞ն է կազմում: Կա՞ն արդյոք դատական հայցեր: Արդյոք «Արմավիան» վճարելո՞ւ է այդ պարտքերը, եթե ոչ, ապա ո՞վ/ո՞ր կառույցն է ստանձնելու այդ պարտավորությունը»:

Սակայն կառավարությունը գերադասել է լռել` մինչ օրս պատասխան չկա: Ի դեպ, սա հիշեցնում է «Գազպրոմին» Հայաստանի կուտակած 300 մլն դոլար պարտքի պատմությունը, երբ բոլորովին անսպասելիորեն հայտարարվեց, որ մենք պարտք ենք սպառված ռուսական գազի համար, ու դրանով արդարացվեց հերթական «Գույք` պարտքի դիմաց» օպերացիան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս