Հայ ոսկերչության համար լավագույն շուկան Ռուսաստանն է. Մեյիր Շավիթ (լուսանկարներ)
168.am-ի զրուցակիցն է ոսկեգործ-դիզայներ Մեյիր Շավիթը, ով Իսրայելում գործող «Մակս» ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է: Նա աշխատում է նաև Վրաստանում և սերտորեն համագործակցում է Հայաստանի ոսկեգործների հետ:
– Պարոն Շավիթ, Ձեր կարծիքով՝ Հայաստանում ոսկեգործությունն ինչպե՞ս է զարգանում:
– Կարծում եմ` Հայաստանում այս ոլորտը լավ մակարդակի վրա է, այստեղ ոսկեգործական արտադրությունը շատ բարձր մակարդակի է հասել, արտադրանքի որակը բարձրանում է ամեն օր, և շատ լուրջ մարդիկ են զբաղվում դրանով: Ցավոք, ես չեմ կարող նույնն ասել Վրաստանի մասին: Իսրայելում, իհարկե, տեխնոլոգիական մակարդակը շատ ավելի բարձր է:
– Հայ ոսկեգործների կողմից պատրաստված զարդերն ինչո՞վ են տարբերվում այլ երկրների ոսկեգործական արտադրանքից:
– Հայկական ոսկեգործությունն առավել դասական և ավանդական ոճի է՝ ռուսական թեքումով, և ավելի շատ նախատեսված է ռուսական շուկայի համար: Հայաստանի համար լավ շուկան Ռուսաստանն է: Եվրոպայում միանգամայն այլ զարգացումներ են ընթանում: Հայ ոսկերիչների գործերն ավելի պահանջված են Ռուսաստանում, քան թե Արևմուտքում, եթե չհաշվենք Թուրքիային, որն, իհարկե, մեծ հնարավորություններ ունի:
– Իսկ Եվրոպայում զարգացումներն այսօր դեպի ո՞ւր են տանում:
– Ժամանակակից տեխնոլոգիաները եվրոպացիներին թույլ են տալիս ստեղծել այնպիսի գործեր, որոնք ձեռքով անհնար է անել: Եվրոպան փոխվում է և շատ արագ է փոխվում: Այնտեղ այժմ ոսկերչական իրեր են ստեղծում, որոնք շատ նման են բիժուտերիայի, առաջին հայացքից դժվար է ասել, որ դրանք ոսկյա զարդեր են: Ցավոք, ձեռքի աշխատանքները պատմություն են դառնում:
– Այսինքն՝ ձեռքի աշխատանքների պահանջարկ չկա՞:
– Ոչ, պահանջարկ կա, բայց քիչ են աշխատում: Հին վարպետները պակասում են, իսկ երիտասարդությունն ավելի տեխնոլոգիական արտադրություն է գնում՝ 3D մոդելավորում և այլն: Լավ վարպետները որ ձեռքով ինչ-որ բան էին անում, հեռանում են կյանքից, երիտասարդները չեն ցանկանում սովորել, ավելի հեշտ է համակարգչով աշխատելը:
– Դուք աշխատում եք Վրաստանում, այնտեղ ինչպե՞ս է իրավիճակը:
– Վրաստանում ոսկերչական արտադրությունը շատ թույլ է զարգացած:
– Ինչի՞ հետ է դա կապված:
– Առավելապես կապված է Վրաստանի ֆինանսատնտեսական իրավիճակի հետ: Այնտեղ չունեն ֆինանսական բավարար հնարավորություններ՝ նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների մեջ ներդնելու համար, աշխատում են պապենական մեթոդներով, մակարդակն էլ համանման է: Վրացի վարպետը պետք է աշխատի, որ հացի գումար վաստակի, իսկ հայ վարպետն արդեն հացի գումար ունի և այլ կարիքների համար է աշխատում: Հայաստանում և Վրաստանում բոլորովին տարբեր մոտեցումներ են աշխատանքին, և դա արտահայտվում է արտադրանքի մեջ:
– Հայաստանի ու Վրաստանի բիզնես միջավայրերը կարո՞ղ եք համեմատել:
– Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթ չեմ, բայց Վրաստանում հիանալի միջավայր է, այնտեղ ով ցանկանում է տնտեսությունում ներդրում անել, զարգացնել ոսկերչության որևէ ուղղություն, կարծում եմ՝ լավ գաղափար է, շահավետ է: Չնայած շուկան փոքր է, բայց հեռանկար կա: Ռուսական շուկան այսօր փակ է Վրաստանի համար: Դա քաղաքականություն է, ցավոք, անհաջող քաղաքականություն: Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը միշտ եղբայրներ են եղել, մի ընտանիքի անդամներ, հիմա դա չկա:
– Հայկական ոսկեգործների հետ համագործակցո՞ւմ եք, ի՞նչ կերպ:
– Այո, համագործակցում ենք, և ապագայի համար լավ ծրագրեր կան: Կարծում եմ, որ Հայաստանում լավ հիմքերի վրա է դրված արդյունաբերությունը, սարքավորումների առումով ևս: Վրաստանում դա չկա, Թուրքիայից, Եվրոպայից կամ Իսրայելից ներկրելը շատ թանկ է և անիմաստ: Այդ առումով Հայաստանը հաղթում է և գրեթե ոչ մի բանով չի զիջում: Իսկ գնային առումով Հայաստանում ավելի լավ վիճակ է, մի կարգ ավելի էժան են և´զարդերը, և´ սարքավորումները:
– Դուք ասացիք, որ միջազգային միտումները դեպի 3D և տեխնոլոգիական արտադրություն են տանում, իսկ Հայաստանում ավելի շատ ավանդական ոսկեգործությունն է զարգացած: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանն ինչպե՞ս է հասնելու միջազգային չափանիշներին ու մրցակցելու դրսի շուկաներում:
– Հայաստանում գործում են այնպիսի ընկերություններ, որոնք աշխատում են ժամանակակից սարքավորումներով: Իհարկե, այդ սարքերը շատ թանկ են, օրինակ՝ 50 հազար եվրո, բայց այն, որ արդեն առաջարկում են, և պահանջարկ կա, ասում է այն մասին, որ ընկերությունները հետզհետե անցնում են տեխնոլոգիական ուղղության, քանի որ, ուզեն-չուզեն, ապագան դա է, և անցնելու են տեխնոլոգիական արտադրանքի: Մեզ մոտ՝ Իսրայելում, ձեռքի աշխատանքը մահացել է, պարզապես մահացել, այն արդեն վաղուց չկա: Միայն ինչ-որ փոքր վերանորոգման, մաքրելու գործեր են ձեռքով անում, իսկ մնացածը համակարգչային տեխնոլոգիայով է արվում: