Մաքսային միության հարցում ՀԱԿ-ը և իշխանությունը դաշնակիցներ են
Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական հանրահավաքը՝ ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության իշխանության որոշման դեմ և հօգուտ Հայաստանի եվրոինտեգրացիայի: Հանրահավաքը հերթական անգամ սակավամարդ էր՝ մոտ 40 մասնակից, ինչի առիթով Հայրիկյանը հայտարարեց, որ, եթե ինքը մենակ էլ լիներ, միևնույն է, գալու էր և ելույթ էր ունենալու: Նա վստահեցրեց, որ իրենց հավաքները շարունակելու են պարբերական բնույթ կրել, բայց ուրբաթ օրվա փոխարեն՝ հավաքվելու են շաբաթ օրերին: Վաղը լինելու է հավաք, որին կարող է հետևել երթ: Իսկ համազգային հանրահավաքը Հայրիկյանը նշանակեց փետրվարի 18-ին, ի հիշատակ 1921թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած հակաբոլշևիկյան ապստամբության: Այդ օրվանից, ըստ Հայրիկյանի՝ սկսվելու է Հայաստանի ազատագրման գործընթացը:
Հայրիկյանը համարում է, որ ինքն ու իր կողմնակիցները պետք է լինեն այն թթխմորը կամ առանցքը, որը պետք է դառնա Հայաստանը Մաքսային միությունից ազատելու գործընթացի խմորիչը, որի շուրջ պետք է հավաքվեն այդ գաղափարի կողմնակիցները: Իսկ շա՞տ են այդ կողմնակիցները. եթե հավատալու լինենք Հայրիկյանի ներկայացրած սոցիոլոգիական հարցումներին, ապա «Հայաստանի ինչպիսի՞ համագործակցությանն եք դուք նախապատվություն տալիս» հարցին 29,6 տոկոսը կողմ է եղել ԵՄ-ի հետ համագործակցությանը, իսկ 28,7 տոկոսը՝ Մաքսային միությանը, մյուսները կամ չեն կողմնորոշվել, կամ դեմ են որևէ համագործակցության մեջ ընդգրկվելուն: Բայց երբ հարցը դրվում է կամ-կամի, ապա 56 տոկոսը ԵՄ-ի հետ ասոցիացման կողմնակից է, և միայն 44 տոկոսը՝ ՄՄ-ի:
Իսկ ո՞ւր են այդ կողմնակիցները, ինչո՞ւ չեն նրանք գալիս Ազատության հրապարակ՝ Հայրիկյանի հետ պայքարելու հանուն Հայաստանի եվրոպական ապագայի: Շարքային քաղաքացիների պարագայում այս հարցին դժվար է պատասխանել, բայց եվրոպական կողմնորոշում ունեցող կուսակցությունների մասով Հայրիկյանը մի փոքր պարզաբանում մտցրեց: Հայրիկյանը պատմեց, որ ինքը բանակցել է մի քանի կուսակցությունների հետ, ովքեր հայտարարում են, որ դեմ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, և կողմ են ԵՄ-ի հետ ասոցիացմանը: Հայրիկյանը հիշատակեց այդպիսի երեք կուսակցությունների անուններ՝ «Հանրապետություն», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ»: Նրանց առաջարկ է արվել միասնական պայքար սկսելու, և նրանք «իբրև թե տրամադրված են եղել համատեղ պայքարին», սակայն հետագայում հրաժարվել են: «Նրանց մոտ ինչ-որ բան այն չէ. ավելին չեմ ուզում ասել»,- հայտարարեց Հայրիկյանը: Անդրադառնալով մյուս ընդդիմադիրներին՝ Հայրիկյանն առանձնացրեց ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին:
Ըստ Հայրիկյանի՝ Դաշնակցությունը բարդույթներ ունի, քանի որ ինքն էլ 1920թ. Հայաստանը մտցրել է Մաքսային միություն՝ երկիրը հանձնելով բոլշևիկներին ՝ ի տարբերություն Ֆինլանդիայի և Լեհաստանի, Հայաստանը չի կռվել և պաշտպանել իր ինքնիշխանությունը, «Կռվել է միայն Գարեգին Նժդեհը»: Ըստ Հայրիկյանի՝ դաշնակցականները կցանկանան, որ հիմա էլ Հայաստանը մտնի Մաքսային միություն, որպեսզի կարողանան արդարանալ. «Հո մենակ մե՞նք չենք ծախել երկիրը»: Հայրիկյանը ՀՅԴ-ն անվանեց ձախողակների կուսակցություն, քանի որ նրանց ոչինչ չի հաջողվել իրականացնել. երբ ստեղծվել են, ներկայիս Թուրքիայի տարածքում հայերը կազմել են բնակչության առնվազն 20 տոկոսը, նրանց «պայքարի» արդյունքում այս թիվը հասել է 0,1 տոկոսից պակասի:
Ինչ վերաբերում է «իրեն ընդդիմադիր համարող ՀԱԿ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին», ապա ըստ Հայրկյանի՝ մեր այսօրվա բոլոր դժբախտությունները սկսվում են նրանից: Հայրիկյանն ասում է, որ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին արտաքին քաղաքական կողմնորոշումն է, ՀԱԿ-ը դիրքորոշում չի հայտնում. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների հռչակագրի օրը, երթ են անում և մի բառ անգամ չեն ասում այն մասին, որ Մաքսային միությունում մարդու իրավունքներ գոյություն չունեն: Ըստ Հայրիկյանի՝ Մաքսային միության և 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ չճանաչելու հարցում ՀԱԿ-ը և այսօրվա իշխանությունները դաշնակիցներ են: Հայրիկյանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը հակադրվում է այսօրվա իշխանություններին, որովհետև աթոռն իրենը չէ:
Բայց ԱԻՄ նախագահը, այնուամենայնիվ, դաշնակից գտել է՝ ի դեմս «Նախախորհրդարանի», որի հետ վաղը համատեղ հանրահավաք են անելու: Այս ուժի հետ ռազմավարական հարցերում համակարծիք են, բայց տարակարծություններ ունեն մարտավարական հարցերում: «Նախախորհրդարանը» չի ճանաչում գործող իշխանության օրինականությունը, իսկ Հայրիկյանը համարում է, որ անկախ ճանաչել-չճանաչելուց՝ իշխանության հարցը պետք է լուծել ընտրությունների միջոցով: Հայրիկյանը չի կարող չճանաչել իշխանության օրինականությունը, քանի որ այդ իշխանությունից բուժման նպատակով 20 միլիոն դրամ է ստացել: Չճանաչված իշխանությունից որևէ բան չի կարելի ստանալ և ընդունել: