Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև Վիլնյուսում ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» երկրորդ օրվա ընթացքում Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:
Համաձայնագրի վրա իրենց ստորագրությունը դրել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուս և ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Կողմերը տվյալ համաձայնագիրը նախաստորագրել են այս տարվա հուլիսին: Վիզային ռեժիմի դյուրացումն առնչվելու է որոշակի կատեգորիայի մարդկանց, նվազեցնելու է վիզային մաքսատուրքը, կրճատելու է վիզա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի քանակը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հետընդունման մասին համաձայնագրի ստորագրումից հետո: