«Նոր տարի է գալիս, բա չգնա՞ն արտասահմաններում հանգստանան». Ոսկու շուկայի աշխատակիցներին տուգանել են (տեսանյութ)

«Վաղարշ և որդիներ» ընկերության ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ կառավարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել Ոսկու շուկայում և հարգորոշման հետ կապված հայտնաբերված խախտումների համար 1-2 մլն տուգանք է նշանակվել: Ըստ բողոքավորների՝ հարգորոշումն իրականացնում է տեսչության կողմից լիցենզավորված կազմակերպությունը, և պարզ չէ, թե ինչու են վաճառողներին տուգանում այն դեպքում, երբ ոսկու հարգի մի թիվը պարզ չի երևում:

«Իրենց Ռուսաստանից բերած սարքավորումն է, որ մի թվի պոչը ծուռ է խփում, ես ի՞նչ անեմ: Արդեն 2-3 հոգու տուգանել են»,- ասաց անհատ ձեռնարկատեր Շողիկ Առաքելյանը:

Մարտուն Մարտիրոսյանը, ում ապրանքը ստուգել են, յուրաքանչյուր զարդի համար, որի վրա հարգորոշումը «թերի» է համարվել, պետք է 50 հազար դրամ վճարի: Սակայն Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս տուգանքի ակտն իրեն չի ներկայացվել:

«Նոր տարի է գալիս, բա չգնա՞ն արտասահմաններում հանգստանան: Մարդը 2 երեխա է պահում, հիվանդ ծնող է պահում, եկել ստուգում են: Հիմա ի՞նչ անի, որ 2 մլն տուգանք են դրել, ի՞նչ են անելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին՝ «հանգիստ գնալ աշխատանքի, որպեսզի ինքն էլ հյուր գնա իրենց և ոսկի գնի»: Նա հայտարարեց, որ, եթե ձեռնարկատերերն աշխատում են օրինական դաշտում, ոչ մի տուգանք էլ չի լինի, և տեսուչները «սուտ են ասել»:

Ակցիայի մասնակիցներից Մարտինը մեզ հայտնեց, որ ստուգումն իրականացվել է խախտումներով, մասնավորապես՝ տեսչության աշխատակիցը շուկա է գնացել հոկտեմբերի 25-ին և ներկայացնելով նույն օրով տրված ստուգման մասին որոշումը՝ պահանջել է ներկայացնել ապրանքը, մինչդեռ, ըստ կարգի, պետք է 3 օր առաջ նախազգուշացներ ստուգման մասին:

Տեսանյութեր

Լրահոս