Հասան Ռոուհանին դեկտեմբերի 17-ին կմեկնի Թուրքիա
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Իրան, Կատար ու Բահրեյն կատարած իր քառօրյա շրջագայությունից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ այդ երեք երկրներում էլ անցկացրել է կարևոր հանդիպումներ:
Դավութօղլուն նշել է, որ իրանական այցի ժամանակ իրեն ընդունել է այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանին, և որ հանդիպման ժամանակ Ռոուհանին հայտնել է, որ իրենք դեկտեմբերի 17-ին նրան սպասում են Թուրքիայում:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային խնդիրներ և մասնավորապես Սիրիայի հարցը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ հավատում է, որ «Վեցյակի» ու Իրանի միջև «միջուկային համաձայնագրի» ձեռք բերումից հետո առաջընթաց կգրանցվի թուրք-իրանական տնտեսական հարաբերություններում:
Դավութօղլուն ընդգծել է, որ Ռոուհանիի թուրքական այցից հետո տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցն Իրան: