Եգիպտոսը ձգտում է Էրդողանի թիկունքում պայմանավորվել Գյուլի հետ
Ahram Online-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին իրազեկել է երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի զարգացմանը զսպելու իր ձգտման մասին: Թուրքիայի նախագահն իր հերթին Կահիրեին վստահեցրել է, որ Թուրքիան հավատարիմ է Եգիպտոսի ներքին գործերին չմնիջամտելուն:
Այս մասին հայտնել է իրազեկ աղբյուրը, որի խոսքերով՝ Աբդուլլահ Գյուլը կարևոր դեր է խաղում թուրք-եգիպտական հարաբերությունների ամրապնդմանն աջակցելու գործում, և որ նրան բարձր են գնահատում Կահիրեում: Աղբյուրը հավելել է, որ իրենք խորապես մտահոգված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումից, ինչի մասին իրենք իրազեկել են Գյուլին:
Աղբյուրն ընդգծել է, որ Կահիրեի ու Գյուլի միջև հարաբերությունները մեծապես նպաստել են երկու երկրների միջև սրված հարաբերությունների կարգավորմանը. «Անկարայում Գյուլը միայնակ չէ Էրդողանի դիրքորոշման հետ չհամաձայնվելու հարցում: Շատերը և ոչ միայն ընդդիմության շարքերից, այլև՝ կառավարությունում ու ԱԳՆ-ում, Թուրքիայի վարչապետին խորհուրդ են տվել վերանայել Եգիպտոսի հանդեպ իր դիրքորոշումը»:
Պարբերականն ընդգծում է, որ Եգիպտոսն Անկարային ներկայացրել է մի շարք պահանջներ, որոնց կատարումն անհրաժեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Մասնավորապես, Թուրքիայից պահանջում են դադարեցնել աջակցել «Մուսուլման եղբայրների» ու Կատարի կողմից ապացույցներ հավաքելու գործընթացին՝ Միջազգային քրեական դատարան դիմելու համար՝ կապված օգոստոսի 14-ին Կահիրեում իսլամականների բողոքի ակցիան բռնի ցրելու հետ:
Եգիպտոսը նաև պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի իր տարածքում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչներին ընդունելը, որոնք աղբյուրի գնահատմամբ՝ ձգտում են ապակայունացնել անցումային շրջանում գտնվող երկիրը: Եգիպտոսը պահանջում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դադարեցնի Եգիպտոսի վերաբերյալ իր ագրեսիվ և «Մուսուլման եղբայրների» նկատմամբ իր դրվատանքի հայտարարությունները:
Աղբյուրի կարծիքով՝ այդ պահանջները վկայում են, որ Եգիպտոսը ցանկանում է վերջ դնել Թուրքիայի հետ թշնամական վիճակին: Նա հավելել է, որ Կահիրեն Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ եթե տեղի չունենա հետագա էսկալացում և Էրդողանն ավարտի իր պատերազմը Եգիպտոսի դեմ, ապա պաշտպանված կլինեն Եգիպտոսում Անկարայի գործարար, մշակութային և այլ շահերը:
Ի պատասխան՝ Գյուլը չի խոստացել կատարել այդ պահանջները, սակայն Կահիրեին վստահեցրել է, որ աջակցելու է երկու երկրների միջև երկկողմ դրական հարաբերություններին: Թուրքիայի ու Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվել են այս տարվա հուլիսի 3-ից հետո, երբ զինվորականները Եգիպտոսի նախագահի պաշտոնից գահընկեց արեցին Մոհամմեդ Մուրսիին:
Նոյեմբերի 23-ին Կահիրեն Եգիպտոսում Թուրքիայի դեսպանին հայտարարեց անցանկալի անձ՝ պահանջելով, որ նա լքի երկիրը: Բացի այդ, Եգիպտոսը որոշեց հետ կանչել Թուրքիայում իր դեսպանին և ժամանակավորապես նվազեցնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ մինչև գործերի հավատարմակատարի: Ի պատասխան՝ Թուրքիան Եգիպտոսի դեսպանին հայտարարեց անցանկալի անձ: