Գույների բուժիչ գաղտնիքները

Բուժիչ նամակներ

Լույսի ճառագայթը պարունակում է էլեկտրամագնիսական ալիքների սպեկտր, որում թաքնված են մեզ ծանոթ և անծանոթ գույները։ Մարդիկ վաղուց ի վեր նկատել են, որ լույսի գույները տարբեր ձևով են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Արդեն 19-րդ դարում բժիշկները սովորել են օգտագործել լույսի գույները. լուսաբուժությունն ընդունված է կոչել քրոմոթերապիա։
Մենք գիտենք, որ կարմիրը և դեղինը ջերմացնում են. խորհուրդ է տրվում մրսածության դեպքում կրել կարմիր գույնի հագուստ։

Կարմիր գույնն օգտակար է մաշկային հիվանդությունների և հոդացավերի դեպքում։ Դեղին գույնը դրական ազդեցություն ունի լյարդի, ստամոքսի, լեղապարկի, նյարդային համակարգի վրա։

Կապույտը սառը գույն է, այն ունի հանգստացնող ազդեցություն, օգտակար է հարբուխի, բրոնխների ասթմայի, բրոնխիտի դեպքում։ Հանգստացնում է աչքերը։
Կանաչը հաշտեցնող, հարմոնիա մտցնող գույն է, նվազեցնում է գլխացավը, հանդարտեցնում է սրտի ռիթմերը։

Կարդացեք նաև

Առավել մեծ է նարնջագույնի դրական ազդեցության ոլորտը. հավասարակշռում է գրեթե բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքը, օգնում է անպտղության և դեպրեսիայի դեպքում։

Բուսական աշխարհի գույները
Մենք հաշվի ենք առնում գույների հատկությունները տարածքի լուսավորման, ինտերիերի ձևավորման, հագուստի ընտրության ժամանակ, սակայն հազվադեպ ենք ուշադրություն դարձնում մեր սննդակարգի գունային գամմայի վրա, այնինչ սննդամթերքի գույները կարող են մեծապես ազդել մեր առողջության վրա։ Պտուղները, հատապտուղները և բանջարեղենը` կախված գույնից, ունեն հետևյալ հիմնական հատկությունները։

Կարմիր երանգները։ Պարունակում են կարոտինային նյութ լիկոպին անտոցիաններ։ Օրգանիզմին էներգիա են մատակարարում, նպաստում են սննդի յուրացմանը, թույների հեռացմանը։ Կարմիրը խթանում է մակերիկամների աշխատանքը, ունի արյունաստեղծ ազդեցություն, վերականգնում է ուժերը, ամրացնում է իմունային համակարգը` օգտակար է փայծաղին։ Կարմիրը նպաստում է սիրտ-անոթային համակարգի, միզուղիների բնականոն աշխատանքին և լավացնում է հիշողությունը, նվազեցնում է ուռուցքների առաջացման հավանականությունը։

Մանուշակագույն։ Պարունակում է անտոցիանային և ֆենոլին միացություններ։ Օգտակար է սթրեսի դեպքում, սերտորեն կապված է մարդու ինտուիտիվ ընկալման և հուզականության հետ, սատարում է կենտրոնական նյարդային համակարգի և ուղեղի աշխատանքին։

Մանուշակագույնը հանգստացնող, տրամաբանելու տրամադրող, հոգեկան հանդարտություն պարգևող գույն է, անփոխարինելի է անքնության դեպքում։ Սերտորեն կապված է շնչառական համակարգի հետ, քանի որ լավացնում է բջիջների մատակարարումը թթվածնով։ Մանուշակագույն բուսական մթերքների խումբն աչքի է ընկնում իր բացառիկ բուժիչ հատկություններով. այդ խմբի մեջ են ընդգրկված հաղարջ սևը, հապալասի սևը և հապալասի կապույտը, մոշը, արոսենի սևը, խաղողի, սալորի սև տեսակները, բադրիջանը, պղպեղ սևը, պղպեղ բուլղարականի մանուշակագույն տեսակները և այլն։

Մասնագետները խորհուրդ են տալիս համատեղ սննդակարգում մանուշակագույն և դեղին մթերքները` ցերեկային ժամերին, առավոտյան ուտել դեղին, իսկ երեկոյան` մանուշակագույն պտուղ-բանջարեղեն։

Կանաչ գույնի գաղտնիքները։ Կանաչը լավ է համադրվում կարմիրի հետ, այդ գույնի մթերքները ճիշտ է ուտել նախաճաշին, ճաշին և մինչև ընթրիքը։ Կանաչ գույնի մթերքներում շատ է քլորոֆիլը, որն ունի առույգացնող, թարմացնող, օրգանիզմը մաքրող և ամրացնող ազդեցություն։ Պարունակում է զգալի քանակությամբ կալցիում, ինդոլային և լյուտեին պարունակող միացություններ։ Ինդոլը կանխարգելում է ուռուցքների առաջացումը, իսկ լյուտեինը պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը։

Կանաչն օգտակար է հիպերտոնիկ հիվանդներին և պաշտպանում է սիրտը, նպաստում է կալցիումի յուրացմանը, օգտակար է թոքերին, նվազեցնում է գլխացավը, օգնում է հաղթահարել սթրեսը։ Բացի մեզ ծանոթ կանաչեղենից և պտուղ-բանջարեղենից` կանաչ խմբին են պատկանում նաև կիվին, լայմը, կանգուրը, և այլն։ Իսկ այժմ ամենակարևորը` բոլոր բույսերի կանաչ տերևներում թաքնված են այլ գույներին բնորոշ հատկությունները. քլորոֆիլը քողարկում է այլ գույները։
Շագանակագույն։ Համարվում է, որ զարգացնում է երևույթների ենթագիտակցական և նույնիսկ անգիտակցական ընկալումը, կապված է էպիֆիզի` կոնաձև գեղձի հետ (տե՛ս, Ջ. Սահակյան, Ուղեղի գաղտնիքները, «168 Ժամ», 21.03.2013թ.)։ Հնում համարվել է, որ էպիֆիզը` մարդու երրորդ աչքն է, իսկ քնաբեր մելոտոնին հորմոնը գոյանում է բոլոր բույսերում։ Շագանակագույն հաճախ վկայում է յոդի առկայության մասին։ Յոդը վերահսկում է վահանաձև գեղձի աշխատանքը, ազդում է մտավոր և ֆիզիկական զարգացման վրա (տե՛ս Ջ. Սահակյան, «Դեղնենին` որպես յոդի մատակարար, 06.09.2013թ.)։

Շագանակագույնը ազնիվ, ուշադիր և ոչ անտարբեր մարդկանց գույնն է, որոնք երբեմն կարող են տեսնել այն, ինչը տրված է քչերին։

Սիրտը և գույները։ Կարմիրի, դեղինի և կանաչի համադրությունն ամրացնում է սրտամկանը։ Նման երանգներ են ունենում որոշ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` սուտակը, նռնաքարը, զմրուխտը, մալախիտը, սաթը։ Կարելի է կրել այդ գույներով աքսեսուարներ` պայուսակ, գոտի և այլն։

Կտրեք ստվարաթղթից 10 սմ տրամագծով շրջանակներ կամ այդ չափի կողմեր ունեցող քառակուսիներ, ներկեք այդ գույներով և օրը 2 անգամ 5-10 րոպե նայեք դրանց վրա։
Իսկ ահա թե ինչ են գրել գույների հատկությունների մասին, ավելի քան 70 տարվա վաղեմության գրքում, արևմտահայերը.

«Ինչպէս որ ձայներ կան, որոնք լավ չեն ազդեր մեր ջիղերուն վրայ և կամ զանազան անուշահոտություններ, որոնցմէ ոմանք լավ ոմանք գէշ ազդեցութիւն կը թողուն մեր զգայարանքներուն վրայ, այնպէս ալ գոյները որոշ ազդեցություն ունին ոչ միայն մեր զգայարանքներուն, այլեւ մեր առողջութեան վրայ։

Այսպէս, կարմիր գոյնը գրգռիչ է։ Եւ ասոր ամենէն լաւ օրինակը կը կազմէ ցուլին կատղիլը` ի տես կարմիր գոյնին։ Դիտուած է որ այն բոլոր թատերասրահներուն մէջ, ուր նստարանները եւ վարագոյրները կարմիր թաւիշով պատուած են, հանդիսականները անընդհատ կը ծափահարեն ջղաձգօրէն։
Երկնագույն կապոյտը շատ լաւ կգազդէ մեր առողջութեան վրայ և ասոր համար հիվանդանոցներու մեջ ամենէն աւելի գործածուած գոյնն է։ Կապոյտ ճառագայթներով բուժումն ալ մեծ համեմատութիւններ ստացած է։

Կանաչը ջիղերը կը հանդարտեցնէ և ճիշտ ասոր համար երբ մարդ կը գտնուի կանաչազարդ պարտեզի մէջ, աւելի հանդարտ է ու զուարթ։ Խաղարաններու բոլոր սեղանները կանաչ կտաւով պատուած են, որպէսզի խաղցողները պահեն իրենց պաղարիւնութիւնը։ Դիւանագիտական բոլոր խորհրդաժողովները կը գումարւին կանաչ սեղաններու շուրջ։

Դեղինն ալ որոշ ազդեցութիւն կգընէ կարգ մը հիւանդներու վրայ։ Աւելի յարմար են երազատեսներու, խորհրդապաշտներու և լռակեացներու, որոնց մէջ հավասարակշռութիւնը կը պահէ։ Գրեթե այս յատկութիւնները ունի նաեւ նարնջագոյնը»։

Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս