Վարդան Պետրոսյանի փաստաբանը ներկայացրել գործը քննող քննիչի դեմ բացարկը

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն է ներկայացրել գործը քննող քննիչի դեմ բացարկը: 168.am-ին Նիկոլայ Բաղդասարյանը փոխանցեց, որ իր բացարկում նշել է մի շարք հանգամանքներ: Այսպես. ըստ բացարկի՝ նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից որոշում է ընդունվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Սակայն այդ օրը Վ. Պետրոսյանը չի ձերբակալվել:

«06.11.2013թ. ժամը 15:30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը կազմվել է ձերբակալման արձանագրություն, համաձայն որի. «Վարդան Պետրոսյանը (…) ձերբակալվել է: Ձերբակալված Վ. Պետրոսյանը հանձնվել է ոստիկանության Նաիրիի բաժնի ՁՊՎ` նրան սահմանված կարգով արգելանքի տակ պահելու համար: Վարդան Պետրոսյանի ձերբակալման մասին հեռախոսահամարով հայտնվել է նրա քույր` Աշխեն Պետրոսյանին»: Նույն արձանագրության համաձայն՝ Վ. Պետրոսյանին ձերբակալել են 06.11.2013թ. ժամը 15:00-ին»: Իրականում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը չի եղել Վ. Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ: Վ. Պետրոսյանը չի հանձնվել Նաիրիի քննչական բաժանմունք, Վ. Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի հետ Հայկ Հակոբյանը ընդհանրապես չի խոսացել»,- նշել է փաստաբանը:

Ըստ նրա՝ քննիչ Հայկ Հակոբյանը խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ և 16-րդ կետի պահանջը կասկածյալի հարցաքննության ժամանակ չի արձանագրել Վարդան Պետրոսանի խոսքերը և նրան չի տրամադրել օրենքով իրեն հասանելոի փաստաթղթերի պատճեները. «Դրա վերաբերյալ ես փորձել եմ ներկայացնել դիտողություն և խնդրել եմ իմ դիտողությունը արտացոլել կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ «պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի (…) պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին (….) իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի` (…) դիտողություններ ներկայացնել այն քննչական (…) գործողության արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, որին նա մասնակցել է, (…): ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը խախտելով ՀՀ քր. դատ. օր. 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը չի արձանագրել իմ դիտողությունն, այլ վերցնելով իմ ձեռքից գրիչը հնարավորություն չի տվել ավարտեմ նախադասությունը, թողել հեռացել է սենյակից, առանց առաջարկելու Վարդան Պետրոսյանին ստորագրելու արձանագրությունը»:

Բացարկում Վարդան Պետրոսյանի փաստանաբանը նշել է, որ նոյեմբերի 6-ին ոչ իրեն, ոչ իր պաշտպանյալին չեն հանձնել ծանուցագիր հաջորդ օրվա հարցաքննության վերաբերյալ. «Սակայն ավագ քննիչ Հայկ Հակոբյանն իր նոյեմբերի 9-ի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Ն. Բաղդասարյանին (…) պատշաճ տեղեկացրել ենք 09.11.2013թ. ժամը 10:00 վերը նշված բժշկական կենտրոն ներկայանալու, նրա պաշտպանյալ Վ. Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին»: Սակայն վերը նշված միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ ինքը պատշաճ չի ծանուցել ինձ, այլ բանավոր քննչականի պետն է ինձ այդ մասին ասել: Կարծում եմ, որ կարիք չկա հայտնելու, որ դա իրականությանը չի համապատասխանում»:

Փաստաբանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին գնացել է հիվանդանոց և առանց իր մասնակցության մասնակցության հրապարակել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բովանդակությունը, առաջարկել է այն Վարդան Պետրոսյանին ստանալ: Այնուհետև քննիչն անցել է հարցաքննության՝ իր պաշտպանյալին հայտնելով, որ փաստաբանը գնացել է խաշ ուտելու և այդ պատճառով այդ քննչական գործողությունը առանց փաստաբանի պետք է կատարվի. «Կարծում եմ, որ կարիք չկա մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածի պահանջը, համաձայն որի քննիչի իրավունք չունի առանց պաշտպանի մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ: Սակայն վերջինս իր 09.11.2013թ. կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ նշել է. «Վարդան Պետրոսյանը … հրաժարվել է որոշումը ստանալ և որևէ ցուցմունք տալ …»:

Սակայն իր միջնորդության քննության ընթացքում ի պատասխան դատարանի հարցին քննիչը հայտնել է, որ որևէ արձանագրություն չի կարող դատարանի ներկայացնել, որ Վարդան Պետրոսյանը որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց: Կարծում եմ նաև կարիք չկա հաստատելու, որ ես որևէ խաշ ուտելու չեմ գնացել, այլ այդ փաստը «հորինել է» քննիչն, առանց իմ մասնակցությամբ Վարդան Պետրոսյանին հարցաքննելու համար: Նույն օրը ժամը 13:00 քննիչը վերստին եկել է հիվանդանոց և արդեն իմ մասնակցությամբ առաջադրել է մեղադրանք և ծանոթացրել է իր միջնորդության հետ, սակայն Վարդան Պետրոսյանից ցուցմունք չի վերցրել, պատճառաբանելով, որ բժիշկները թույլ չեն տվել: Այդ դեպքում ինչ՞ու է նույն քննիչը իր որոշման մեջ գրում, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»:

Նիկոլայ Բաղդասարյանը բացարկում նշել է նաև, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ երբ նա, գտնվելով վերակենդանացման բաժնում հայտնել է, որ նա ի վիճակի չէ ցուցմունք տալ, քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ հայտնել է, որ «Դեռասանն, մեյմունություն է անում»: Քննիչ, Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի վերը նշված հայտարարությունը:

«Այսպիսով, քննիչ Հայկ Հակոբյանը չի արձանագրել Վարդան Պետրոսյանի ցուցմունքը, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ,  մինչ օրս չի տրամադրել Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և իրեն հասանելի փաստաթղթերը, չնայած Վ. Պետրոսյանը պահանջել է դրանք, չի ծանոթացրել Վ. Պետրոսյանին փորձագիտական եզրակացություններին, չնայած նրան, որ Վ. Պետրոսյանը պանաջել է ծանոթացնել եզրակացություններին, թույլ չի տվել Վ. Պետրոսյանին ստորագրել որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը, թույլ չի տալիս ինձ դիտողություն ներկայացնել իր կողմից սխալ կազմած որպես կասկածյալ հարցաքննության արձանագրության վերաբերյալ, հարցաքննությունը չավարտած դադարեցրել է քննչական գործաղությունը և դուրս է եկել սենյակից, երբևէ չի հանձնել ոչ ինձ, ոչ Վ.Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու օրվա և ժամի մասին ծանուցագիր, մինչդեռ իր որոշման մեջ գրել է, որ պատշաճ ծանուցել է ինձ, առանց իմ մասնակցությամբ կատարել է քննչական գործողություններ և իր որոշման մեջ նշել է, որ Վ. Պետրոսյանը հրաժարվել է ստանալ որպես մեղադրայլ ներգրավելու մասին որոշումը և ցուցմունք տալ, խաբել է Վ. Պետրոսյանին, որ ես խաշ ուտելու եմ գնացել, այդ պատճառով առանց իմ մասնակցության պետք է կատարվի քննչական գործողությունը, վիրավորել է Վ. Պետրոսյանի պատիվն և արժանապատվությունը, հայտնելով. «դեռասանն, մեյմունություն է անում»: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի վերը նշված գործողություններից ակնհայտ է, որ վերջինս ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով:  Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի. « (…), քննիչը, (…) չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի. «Քննիչը (…) չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը»: Համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 90-րդ հոդվածի 1-ին մասի.  «…Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`… կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»»,- նշել է փաստաբանն քննիչի դեմ հայտնած բացարկում:

Տեսանյութեր

Լրահոս