«Սպանեցիք, էլի՝ Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ». Կամո Արեյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ շինարարության տեմպերը Հայաստանում դանդաղել են, ոլորտում անկում կա, ինչն էլ տնեսական աճի տեմպերի դանդաղման հիմնական պատճառներից մեկն է դարձել: Այս մասին այսօր 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Միքայել Մելքումյանը` դիմելով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին: Նա մեջբերեց նաև պաշտոնական տվյալները, նշելով՝ բյուջետային ուղերձում կան պաշտոնական սպասումներ՝ 3.5 տոկոս աճի փոխարեն 4.2 տոկոս անկում է նախատեսվում: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի մեծացման համար: Ի պատասխան` Սամվել Թադևոսյանն ասաց, թե հարցը ժամանակավրեպ է, ապա ավելացրեց. «Այսօրվա վիճակում չի կարելի գնահատական տալ՝ անկում կա՞, թե՞ չկա, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին: Այս թվերը փոփոխվելու են, բայց, ամեն դեպքում, տնտեսական անկում կա ու դա պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ»: Նախարարը հայտնեց նաև, թե լիզենզավորված 1600 կազմակերպություններից 800 է ավարտական ներկայացրել: Միքայել Մելքումյանն արձագանքեց, թե Երևանում համատարած շինարարական կանոնների խախտումներ են գրանցվում: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ միջամտեց՝ հորդորելով. «Կխնդրեի տարբերեք շինարարական նորմերը քաղաքաշինական կանոններից, համատարած քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտում չկա»: ԲՀԿ պատգամավորը նշեց, թե հանրային հնչեղություն ունեցող հանրային շարժումներ կան և դրանք պետք է լուծում գտնեն: Ըստ պատգամավորի՝ պետք է նաև օրենսդրական լուծում տալ խնդրին: Բերելով Վրաստանի օրինակը, Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ի՞նչն է խանգարում, որ այստեղ էլ նախագծերը մեկ պատուհանի սկզբունքով հաստատվեն: Կամո Արեյանը այսպես արձագանքեց. «Իմ մանկության երազը չէ նմանվել Վրաստանին… Սպանեցիք, էլի՝ Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ»: Նիստը վարող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ նկատեց. «Ձեր հարցը պրծել եք, անցել ենք Վրաստանին»: