ՀՀ նախագահական նստավայրում «Յուրի Դոլգորուկիյ» օղի են խմում
«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է. ի՞նչ օղի է խմում Սերժ Սարգպանի աշխատակազմը։ Ոչ «Դավիթ Բեկ», և ոչ Էլ՝ «Աշոտ Երկաթ»։ Բաղրամյան 26-ում խմում են «Յուրի Դոլգորուկիյ» օղի։
Այս մասին «տեղեկացնում է» կառավարության էլեկտրոնային կայքը։ «Յուրի Դոլգորուկիյ» օղին արտադրում է ռուսական «Էլիտ ալկո» ընկերությունը, որը ներկայացնում է նաև «Պուտինկա», «Ռուսսկի ստանդարտ», «Լեգենդա Կրեմլյա», «Ցարսկայա» և մի շարք այլ օղիներ:
Դատելով կառավարության կայքում տեղադրված տեղեկանքից, Սերժ Սարգսյանի աշխատակազմը հոկտեմբերի 14-ին «Սպիրիտ մարկետ» ընկերության հետ կնքել է 100 շիշ օղու գնման պայմանագիր՝ 598 հազար ղրամ ընդհանուր արժողությամբ։ Կառավարության կայքում շատ վաղուց չէին ներկայացվում պետական մարմինների կատարած գնումների մասին տեղեկանքներ։ Նախօրեին կայքը հարստացել է միանգամից հարյուրից ավել տեղեկանքներով, որտեղ ամենաուշագրավ տեղեկությունները, ինչպես նկատեցիք. Բաղրամյան 26-ի վերաբերյալ է։ Դրանք հիմնականում ներկայացուցչական ծախսեր են: Սերժ Սարգսյանի աշխատակազմի և «Լոմա սիստեմս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից իմանում ենք, որ ընկերությունը 7 միլիոն 608 հազար դրամի դիմաց (մոտ 19 հագար ԱՄՆ դոլար) սպասարկել է Անկախության տոնին նվիրված սեպտեմբերի 21-ի միջոցառումը՝ ճեմասրահը ձևավորելով շերտավարագույրներով, եռագույն վալաններով, նաև էկրաններ է տեղափոխել, մոնտաժել, ապամոնտաժել, ձայնային, տեխնիկական և լուսային ծառայություններ է մատուցել։ «Լոմա սիստեմսը» Բաղրամյան 26-ից հաճախ է պատվեր ստանում, այն էլ՝ միանգամից մի քանի տասնյակ հազար դոլարի չափով։ Սա այն ընկերությունն է, որը սպասարկել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը՝ պետբյուջեից ստանալով մոտ 28 միլիոն դրամ՝ 67 հազար դոլար։ Սերժ Սարգսյանի աշխատակազմը միայն 5.8 մլն ղրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ ինաուգուրացիային մասնակցած պատվիրակությունների ընդունելության համար կազմակերպված միջոցառումների նպատակով։ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառմանը Սարգսյանի աշխատակազմը 3 միլիոն դրամի դիմաց որոշակի գույք է վարձակալել «Գոլդեն գլոբ» ընկերությունից։ Մոտ մեկ ամիս առաջ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչը 664 հազար դրամով 2 արծաթե գավաթ է գնել ոսկերչական իրերի «Ոսկե Մարգարիտ» սրահից։ Գավաթները, փայտե տուփերի հետ միասին, հարկատուների գրպանին արժեցել են 684 հազար դրամ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ Բաղրամյան 26-ի մասին մի հետաքրքիր ինֆորմացիա էլ հայտնվեց «Ֆեյսբուքում»։ Օգտատեր Նավակ Ճոճողն (Վիլեն Գաբրիելյան) իր «պատին» դրել է, որ ըստ ՀՀ պաշտոնական տեղեկագրի, նախագահականի 2013թ. ծախսերի մեջ ներառված է 1000 հատ զուգարանի թուղթ, մեկ հատի գինը՝ 880 դրամ։ ճոճողի աչքից չի վրիպել նաև խորհրդարանին վերաբերող մեկ հետաքրքիր փաստ։ Աժ-ն 3 միլիոն դրամով 2 թմբուկ է գնել։ Կառավարության կայքից էլ տեղեկանում ենք, որ Աժ աշխատակազմը «Արևնակ» ՍՊԸ-ի հետ կնքել է 1 միլիոն 745 հազար դրամի պայմանագիր՝ իրեն ծաղիկների և ծաղկեփնջերի պատվիրման ծառայություններ մատուցելու համար։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում: