Մի պատմության հետքերով
168.am-ը ներկայացրել էր Փարաքարի բնակիչ Արթուր Գասպարյանի բողոքն` ուղղված կադաստրի Էջմիածնի բաժնին և համագյուղացի Աբասյաններին: Ըստ Գասպարյանի` համայնքին պատկանող այգին տրամադրվել է Աբասյանին` այդպիսով փակվել է նրա տան մուտքը: Երեկ մենք հանդիպեցինք նաև Փարաքարի բնակիչներ Աբասյաններին` պարզելու եղելությունը: Ըստ նրանց, գյուղում 700 քմ հողամասը ստացել են 1986 թվականին, և հողակտորը համայնքային այգի չի ու երբեք չի եղել:
«Բոլոր օրինական հիմքերն առկա են ինձ մոտ: Այդ ժամանակ իմ հարևան Արթուր Գասպարյանի տան դուռը բացվում էր տան ճակատային մասից, և ոչ մի խնդիր չկար: 1998-99 թվականներին նրանք մշակում են ինձ պատկանող հողամասից մաս խլելու վերաբերյալ դավադրություն և այդ նպատակով իրենց դուռը տեղափոխում են տան ձախ կողմը: Ո՞վ է տեսել, որ տան մուտքը լինի կողքից: Դա արվել էր այն նպատակով, որ հետագայում տարբեր դատական ատյաններում և պետական մարմիններում բողոքեին, որ իրենց ցանկապատը խանգարում է իրենց տան մուտքին»,- ասաց Ասյա Աբասյանը` հավելելով, որ Արթուր Գասպարյանը Փարաքարի գյուղապետարանում լավ ծանոթներ ունի և նրանց միջոցով, արդեն 15 տարի է` տարաբնույթ ճնշումներ է իրականացնում իրենց վրա` փորձելով այդ կերպ հասնել իր ուզածին:
«Ես համոզված եմ, որ այդ ճնշումներն այլ հիմքեր էլ ունեն: Նրանք ճնշում են ազգային փոքրամասնություններին: Ես բազմիցս լսել եմ, որ իրենք փորձում են մեզ` եզդիներիս, ավելի ցածր դիրքերում պահել: Նշեմ նաև, որ շուրջ 140 քմ հողամասի նկատմամբ Արթուր Գասպարյանի իրավունքների մասով առկա է վարչական դատարանի վճիռ, որով վերջինիս հայցը մերժվել է»,- ասաց տիկին Աբասյանը` հավելելով, որ 1999 թվականից դատական պրոցեսների մեջ են, և բոլոր դատական վճիռներն իրենց օգտին են: Տիկին Աբասյանն էլ հանդիպմանը եկել էր թղթերի հսկայական տրցակով` ներկայացնելով գրություններ, նամակներ, դատարանի վճիռներ, համաձայն որի` իրենք օրենքի խախտում չեն արել, և հողակտորը պատկանում է իրենց: