Միջազգային գիտաժողով` ԼՂՀ Ազգային ժողովում
Ինչպես տեղեկացնում է ARMSCOOP գիտակրթական ցանցը, հոկտեմբերի 4-ին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կմեկնարկի «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության ծրագրի շրջանակներում։
Գիտաժողովը, որի աշխատանքները կտևեն երկու օր, անց է կացվում տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հովանու ներքո։ Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալիս Արցախի պետական համալսարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը (Բելգիա), Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։
Հրավիրված են և զեկուցումներով հանդես կգան անվանի գիտնականներ ինչպես Արցախից, նույնպես և Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից, աշխարհի այլ երկրներից։ Քննարկումները նախատեսված են երեք բաժանմունքներում՝ «Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքները: Գյուլիստանի պայմանագրի նշանակությունը», «Ազգային- ազատագրական պայքարի նորագույն փուլ՝ Ղարաբաղյան շարժում (տեսական ու գործնական hիմնահարցեր)» և «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»։
Միջոցառման ավարտին նախատեսվում է նաև «կլոր սեղան»՝ «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով։
Ընդհանուր առմամբ, համաձայն գիտաժողովի ծրագրի, կհնչի 33 զեկուցում։ Զեկուցումները կհնչեն հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Բացի հիմնական զեկուցողներից՝ քննարկումներին կմասնակցեն նաև միջոցառմանը տարբեր երկրներից հատուկ հրավիրված պատվավոր հյուրերը, ԼՂՀ պետական, քաղաքական, հանրային ու գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ։
Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նրա մասնակիցների այցելություն Արցախի տեսարժան վայրեր։
Գիտաժողովի ընթացքին կարելի է հետևել ԼՂՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջերում` Facebook սոցիալական ցանցում և Twitter միկրոբլոգերի ծառայությունում #Karabakhmovement25 հեշթեգով։
Համաձայն ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության