Ինչո՞վ է պայմանավորված ձվի թանկացումը
Վերջին շրջանում հանրապետության տարբեր մարզերում ձվի դեֆիցիտ և 10-20 դրամով թանկացում է նկատվում: Ձու արտադրող ընկերությունները նախկինից քիչ քանակությամբ ապրանք են առաքում խանութներին: Այս խնդիր առավել սուր զգում են հատկապես թոշակառուները, որոնց ամենօրյա սննդակարգի բաղկացուցիչ մաս է կազմում ձուն, քանի որ նրանք չեն կարողանում իրենց չնչին կենսաթոշակով մսամթերք գնել: Շուկայում ձվի թանկացումները 168.am-ի հետ զրույցում մեկնաբանեց շուկայագետ Տաթև Ադամյանը:
– Ինչո՞վ է պայմանավորված ձվի թանկացումը:
– Ինչպես փաստում են ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակումները՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ այս տարվա օգոստոսին դիտվել է բավականին բարձր գնաճ: Պարենային ապրանքների մասով այն կազմել է 9.6%, որն արդեն իսկ գերազանցում է Կենտրոնական բանկի կանխատեսած 4%±1.5%-ը: Եվ, քանի որ ձուն նույնպես մտնում է պարենային ապրանքների խմբի մեջ, ապա այն նույնպես ունեցել է գնի բարձրացում նախորդ ամիսների նկատմամբ՝ միջինում 5 դրամով, և մոտ 20-26%՝ նախորդ տարվա նկատմամբ:
Գների նման բարձրացումը կոնկրետ այս ապրանքատեսակի պարագայում բավականին անհասկանալի է թվում, եթե հաշվի առնենք, որ ձվի գնային առավել մեծ տատանումներ առհասարակ դիտվում են Ամանորին և Սուրբ Զատկին: Այս ժամանակահատվածում նման գնային աճն ունի իր պատճառները, որոնց թվում են վերջին շրջանի էլեկտրաէներգիայի և գազի թանկացումները, որոնք ազդեցիկ գործոն են ձվի արտադրության մեջ, և նրա հասանելիությունը սպառողի համար: Պատճառներից մեկը կարող է լինել նաև թռչնակերի գնի բարձրացումը:
– Ի՞նչ տարբերակով են զսպում գնաճը Հայաստանում:
– Գնաճը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկն օգտագործում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործոնը: Այն բարձրացնում է այլ բանկերին տրվող փողի տոկոսադրույքը և այս քայլով քչացնում է փողի ներհոսքը շուկա: Արդյունքում՝ մեր բանկերը պետք է ավելի բարձր տոկոսադրույքով վարկեր առաջարկեն, որոնք կնվազեցնեն վարկառուների քանակը: Սակայն այս մեթոդն ունի իր բացասական կողմը, նախ՝ այն միանգամից չի գործում, և երկրորդ՝ այն շատ դժվար իրականացվող է, քանի որ բոլոր բանկերը պայքարում են իրենց հաճախորդների համար: Եթե կիրառեն ճիշտ գնաճի զսպման լծակներ, ապա գնաճը կիջնի, սակայն մեր երկրի դեպքում դժվար է ասել՝ դա ե՞րբ և ի՞նչ կերպ կիրականանա: