Բաժիններ՝

Մարդկանց բախտը բերում է. նրանք մահանում են

Արձակագիր, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանի տատին երբևէ չեմ տեսել, սակայն գրեթե ամեն օր հիշում եմ: Վարդանը մի առիթով պատմել էր, թե ինչպես տատը հաճախ կրկնում էր. «Սուտ դարդ մի արեք»:
Դերասանի կյանքը ոչ դրամատիկ լինել չի կարող: Պարզապես յուրաքանչյուր դերասանի կյանքը դրամատիկ է յուրովի:

Մահացել է Սոս Սարգսյանը. մեծ դերասանն ապրել է 84 տարի: 84 տարին կյանքի այն տևողությունն է, որին քչերն են հասնում: Մահացել է բնական մահով: Նա մեր այն դերասաններից էր, որին դերասանական տաղանդը շնորհված էր ի վերուստ, և որն ինքը երջանկություն է ունեցել աշխատելու տաղանդավոր մարդկանց հետ, վայելել նրանց ընկերակցութունը: Գնահատվել է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ էլիտայի կողմից: Գուցե ունեցել է ստեղծագործական վեճեր, վերջին տարիներին էլ խնդիր էր Համազգային թատրոնի շենքի հարցը: Սակայն դրանք բնական են ստեղծագործող մարդկանց համար:

Սոս Սարգսյանն ապրեց բովանդակություն ունեցող ու հետաքրքիր կյանք: Իսկ կյանքի վերջին շրջանում, ինչպես հատուկ է տարեց մարդկանց, առողջական խնդիրներ ուներ:
Հեղինակազրկված մեր իրականության մեջ նա այն քչերից էր, ում խոսքը հավասարապես ազդեցիկ էր բոլորի համար թեկուզ այն հիմնավորմամբ, որ խոսքի հեղինակը Սոս Սարգսյանն էր` Լիր արքայի, Դոն Կիխոտի, «Եռանկյունու» Մկրտիչի, Նահապետի, Համբոյի, Կոմիտասի (…) շուրթերով:

Այն գնահատականները, ափսոսանքի, մեծարման խոսքերը, որոնք հնչում են այս օրերին, հասկանալի են: Հասկանալի է էմոցիոնալ դաշտը. մեզնից հեռացել է լեգենդար կենսագրություն ու լեգենդների մասին հիշողություններ ունեցող մարդ: Երբ հարցը ծիսական արարողություններին է վերաբերում, սկսվում է կլիշեն ու տրաֆարետը: Անհրաժեշտություն է առաջանում ցավակցական հեռագրերի, մահախոսականների: Դրանցից չես փախչի, թեև այնքան ցանկանում ես:

«Կյանքից հեռացավ հայ իրականության մեջ Վերջին Դասականը` Սոս Սարգսյանը»: Սա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի արձագանքն է: Թույլ տվեք հետաքրքրվել` իսկ Արտավազդ Փելեշյանը, Տիգրան Մանսուրյանը, Սվետլանա Նավասարդյանը… Կան բազմաթիվ անուններ, որոնց գոյությունն անփութորեն չենք նկատում, քանի դեռ այդ անունների կրողները ողջ են: Հետո հանկարծ, չափազանց պատահաբար կպարզվի, որ անգամ ամենածեր հասակում էլ նրանց մահն անսպասելի անակնկալ է, չսպասված հարված ժողովրդի թիկունքին, դավադրություն Բնության կողմից:

Մեծ մարդկանց կորստից հետո մեզնից յուրաքանչյուրն իր արխիվից պեղում է հարմար մի լուսանկար` նրան թևանցուկ կամ նրա հարևանությամբ: Ապա սկսվում է հուշապատումը: Պարզվում է` բոլորը հրապարակման սպասող հուշեր ունեն: Փորձում են գերադրական ածականներով ու վերամբարձ բառերով ի ցույց դնել ոչ թե հեռացող մարդու իրական արժանիքները, այլ ցուցադրել սեփական անսփոփ վիշտը:

«Գնաց ևս մի հանճար»… Սոս Սարգսյանն ինքը իրական ու առանց բարդույթների մարդ էր: Ու գիտեր` ինքը հանճար չէ: Հանճար կարելի է ասել Պետրոս Ադամյանի մասին, գուցե` Փափազյանի, Չապլինի, Սմոկտունովսկու մասին: Իսկական, մեծ արտիստին, ինչպիսին էր Սոս Սարգսյանը, բավական են նաև գնահատանքի պարզ, անպաճույճ խոսքերը, մարդկանց լուռ սերը:

Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ հանճարեղ մեկի` Կոմիտասի ծննդյան օրը: Ի՞նչ կատարվեց այդ օրը. քաղաքը կամ հանրապետությունը շնչում էր Կոմիտասո՞վ, երկրի առաջին դեմքերը Կոմիտա՞ս էին լսում համերգասրահում: Ո՛չ: Կոմիտասի համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Այն դեպքում, երբ, որպես կանոն, դրանց մուտքն ազատ է:

Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք անհանգստանում, երբ մեր մեծերից հերթականը հեռանում է կյանքից: Միմյանց հերթ չտալով` գնում էինք Սոս Սարգսյանի ներկայացումների՞ն:
Ինչպե՞ս հրաժեշտ տվեցինք մեր ժամանակի մեծագույն երգչուհիներից մեկին` Արաքս Դավթյանին: Հիշո՞ւմ ենք նրան այսօր: Ո՛չ: Ի՞նչն է խանգարում մեծարել ու խոնարհվել իր տեսակով եզակի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի առաջ: Ի՞նչ է լսում կամ դիտում քաղաքական վերնախավը` առհասարակ: Այլևս գաղտնիք չէ. ՀՀԿ համագումարի ավարտին, որն, ի դեպ, գողական ծիսական հավաք էր հիշեցնում, կենդանի հնչում էր «Դավաճանությունը շանտղություն է» երգը: Ներկայացումներից նախընտրում են սեփական բեմադրությունները` տեղական նշանակության միջակ մակբեթներով ու յագոներով:

Սոս Սարգսյանն ինքը իմաստուն ու բնական մարդ էր: Հարցազրույցներից երևում էր` նա արժանապատվորեն անցել է կյանքը, նույնքան արժանապատվորեն պատրաստ է և մահվան: Եվ նրա մահն էլ խաղաղ էր: Կարծես` իր իսկ կողմից բեմադրված, ինչպես Մարկ Զախարովի «Տունը, որը կառուցել է Սվիֆտը» ֆիլմում, ուր հերոսը` Ջոնաթան Սվիֆթը, բեմադրում է սեփական մահը:

«- Դուք` միստր Ոչ ոք, ճանապարհում եք ինձ տխուր, սակայն նախանձի թեթև երանգ ունեցող հայացքով: Իբր` բերում է մարդկանց բախտը… մահանում են: Իսկ ես դեռ պետք է ապրեմ ու ապրեմ…

– Բայց ես ձեզ իրո՛ք նախանձում եմ, Սվիֆթ: Դուք կմեռնեք, և բոլոր թերթերը կգրեն. «Մահացավ Սվիֆթը»: Իսկ եթե դա տեղի ունենա ինձ հետ, ի՞նչ գրեն: «Այսինչ օրը մահացավ Ոչ ոք»:

Բայց Սվիֆթը շարունակեց. «Մոտեցեք, բժիշկ, արձանագրեք մահը, կազմեք արձանագրություն: Եվ ես կանէանամ: Ընդմիշտ:
– Եվ դուրս չեք գա` ծափահարությունների՞:
– Այս անգամ` ոչ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս