Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագությունը կախված է հայկական կողմի ցանկությունից. Վիկտոր Սպասկի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու ստույգ ժամկետներ չկան, դա կախված է Հայաստանից:
Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Ինտեգրացիոն զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին.
«Գուշակելը (թե Հայաստանը երբ կմտնի Մաքսային միության մեջ) բարդ է, այդ գործընթացը կարող է անցկացվել շատ ակտիվ և ավելի պակաս ակտիվ: Դա առաջին հերթին կախված է հայկական կողմի ցանկությունից: Մաքսային միությանը երկրի անդամակցության ընթացակարգը հստակեցված է:
Այդ ինտեգրացիոն միավորմանը միանալու համար անհրաժեշտ է ընդունել Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի բազան, որն ունեն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Մաքսային միության շրջանակներում անհրաժեշտ է միանալ 78 նորմատիվ փաստաթղթի, ինչպես նաև 17 այլ փաստաթղթի, որոնք նկարագում են Միասնական տնտեսական տիրույթը:
Դա բավական լուրջ գործընթաց է: Այդ փաստաթղթերը վավերացման համար անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: 2014 թվականին պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը, որպեսզի այն սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:
Եթե Հայաստանը հասցնի մինչ այդ ավարտել ներքին ընթացակարգերը, ապա նա կկարողանա անմիջապես մուտք գործել Եվրասիական տնտեսական միություն՝ որպես չորրորդ երկիր: Հայաստանն ունի առավելություն, քանի որ նա դիտորդ է Եվրասիական տնտեսական միությունում և ծանոթ է նորմատիվային ողջ բազային:
Համոզված եմ, որ Հայաստանի ու Մաքսային միության միջև ընդհանուր սահմանների բացակայությունը խնդիր չի հանդիսանա տնտեսական այդ միավորմանն ինտեգրվելու ճանապարհին: Աշխարհում կան բավականաչափ օրինակներ, երբ երկրները կամ տարածաշրջանները չունեն ընդհանուր սահմաններ, սակայն հանդիսանում են ինչ-ինչ տնտեսական միավորումների անդամներ:
Օրինակ, ՌԴ-ի Կալինինգրադի մարզն ընդհանուր սահման չունի Մաքսային միության հետ, իսկ Մալթան ընդհանուր սահման չունի ԵՄ-ի հետ»: