Ում ինչ է վաճառում Հայաստանը
Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում, և քննարկումներն ու բանավեճերն այս հարցի շուրջ չեն դադարում։ Ու թեպետ հարցը հիմնականում դիտարկվում է քաղաքական տեսանկյունից, սակայն տնտեսական բաղադրիչի դերը մեծ նշանակություն ունի։ Ֆորմալ առումով՝ հենց այդպես էլ կա. Մաքսային միությանն անդամակցելը կամ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելը ներկայացվում են` որպես տարբեր տնտեսական այլընտրանքներ։ Ըստ այդմ՝ պետք է որոշել, թե Հայաստանին որն է ավելի ձեռնտու։
Թե Մաքսային միության, թե Եվրամիության հետ ինտեգրման կողմնակիցները հղում են անում տնտեսական ասպեկտներին։ Բացի մաքսատուրքերի դրույքաչափերից և այլ տեխնիկական բնույթի մանրամասներից՝ բավականին հաճախ խոսվում է այն մասին, թե ո՞րն է Հայաստանի համար առավել կարևոր առևտրային գործընկեր՝ Եվրամիությո՞ւնը, թե՞ Մաքսային միությունը։
Եվրամիության կողմնակիցները, բնականաբար, շեշտում են, որ արտահանման տեսանկյունից Հայաստանի ամենախոշոր գործընկերը Եվրամիությունն է. օրինակ՝ 2012 թվականին Հայաստանի արտահանման 37%-ը բաժին է ընկել Եվրամիությանը։
Սակայն այս հարցում ճիշտ կարծիք կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն զուտ թվային տվյալները՝ թե որ երկրին (կամ երկրների խմբին) ինչ ծավալի առևտուր է բաժին ընկնում, այլ պետք է նաև ուշադրություն դարձնել, թե որ ուղղություններով ինչ ենք արտահանում։
Մենք կազմել ենք մի աղյուսակ ՊԵԿ մաքսային տվյալների հիման վրա, որը, կարծում ենք, կհետաքրքրի ոչ միայն մասնագետներին, այլև Հայաստանի տնտեսական անցուդարձով հետաքրքրվող ցանկացած քաղաքացու։
Մաքսային կոմիտեն հրապարակում է արտաքին առևտրի ցուցանիշները՝ ըստ առանձին երկրների։ Մենք խմբավորել ենք այդ երկրները՝ Մաքսային միություն (Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան), Եվրամիություն և մնացած երկրներ։
Դիտարկել ենք ոչ թե բոլոր ապրանքները, այլ Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող 37 անուն ապրանքները։ Դրանք, կարելի է ասել, ՀՀ արտահանման ողնաշարն են և կազմում են ՀՀ ընդհանուր արտահանման 90%-ը։
Եվ այսպես, ըստ աղյուսակի` կարելի է տեսնել, թե որ ապրանքատեսակի համար մեր հիմնական շուկան որն է։ Օրինակ՝ հայկական գինու 76.1%-ը սպառվում է Մաքսային միության երկրներում, շուրջ 17%-ը` եվրոպական երկրներում, մնացածը՝ այլ երկրներում։ Կամ, օրինակ, հայկական ծխախոտի հիմնական շուկան ոչ Մաքսային միության երկրներն են, ոչ էլ Եվրամիությունը։ Հայկական ծխախոտ Եվրոպա ընդհանրապես չի արտահանվում։ Մաքսային միության երկրներ արտահանվում է 7%-ը, իսկ մնացածը սպառվում է այլ երկրներում (ամենաշատը՝ Իրաքում)։
Արտաքին առևտրով ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներ (2012թ.)
Սակայն այս աղյուսակն օրինաչափություն ունի։
Այստեղ ապրանքատեսակները ներկայացված են ըստ ապրանքային խմբերի։ Եվ միանգամից երևում է, որ առաջին խումբ ապրանքների մեջ՝ սննդամթերք և խմիչքներ, Եվրամիությունն ընդհանրապես շուկա չի հանդիսանում Հայաստանի համար։ 2012 թվականին Հայաստանից արտահանվել է 286.6 միլիոն դոլարի սննդամթերք, միրգ, ծխախոտ և խմիչք։ Եվրամիության երկրներին բաժին է ընկնում դրանից ընդամենը 16.6 միլիոնը։ 205 միլիոնը բաժին է ընկնում Մաքսային միության երեք երկրներին։ Այսինքն՝ հայկական արտադրության պարենային ապրանքների շուկան Մաքսային միությունն է։
Հայաստանում գերակա ուղղություն հռչակված դեղագործության արտահանման հիմնական ուղղությունը ոչ Եվրամիությունն է, ոչ էլ Մաքսային միությունը։ Դրանք գնում են այլ երկրներ։ Այսպես, 2012 թվականին արտահանված 5.9 միլիոն դոլարի դեղորայքից Մաքսային միությանը բաժին է ընկել 1.1 միլիոնը, Եվրամիությանը՝ 240 հազար, իսկ մնացած 4.4 միլիոնը գնացել է այլ երկրներ, առաջին հերթին՝ Վրաստան (2.5 միլիոն)։ Այլ երկրներին (առաջին հերթին` Իրանին) է բաժին ընկնում նաև կենդանիների արտահանումը։
Փոխարենը՝ Եվրամիությունը հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերության հիմնական գնորդը։ Օրինակ, արտահանման մեջ ամենից մեծ տեսակարար կշիռ ունեցող պղնձի 93.1%-ը արտահանվել է Եվրամիության երկրներ։ 227 միլիոն դոլարի պղնձից 127.7 միլիոնը գնել է Բուլղարիան, 45.7 միլիոնը՝ Շվեյցարիան, և այլն։ Ցինկը և մոլիբդենը 100%-ով գնացել են Եվրամիության երկրներ։
Ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանումը մոտենում է 400 միլիոն դոլարին, որի 90%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։ Ավելացնենք նաև, որ Եվրամիությանն է բաժին ընկնում նաև հայկական ադամանդի արտահանման կեսը։
Եթե շատ ընդհանրացնենք, կարելի է գալ կեսկատակ-կեսլուրջ այսպիսի եզրակացության։
Եթե Հայաստանի համար երկրաժամկետ հեռանկարում առաջնահերթը անասնապահությունն է, ապա մեզ համար կարևոր չէ՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն։ Կարևորը՝ Իրանի հետ նորմալ հարաբերություններ ունենանք։
Եթե շեշտը դնելու ենք սննդամթերքի և խմիչքի (պարենային ապրանքների վրա), ապա մեր գլխավոր առևտրային գործընկերը Մաքսային միությունն է։ Հետևաբար՝ դրան անդամակցելն ավելի լայն հնարավորություններ կբացի Հայաստանի արտահանողների համար։
Դե, իսկ եթե Հայաստանի համար որպես արտահանման կարևորագույն ուղղություն շարունակելու է մնալ հանքարդյունաբերությունը, ապա միանշանակ Եվրամիությունից ավելի կարևոր գործընկեր Հայաստանը չունի։
Ընդ որում, եթե հիմք ենք վերցնում այս տրամաբանությունը, ապա հանդիպում ենք մի շատ հետաքրքիր հակասության։ Այսպես, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողների և բողոքի ակցիաների կազմակերպող անձանց շարքերում մեծ թիվ են կազմում բնապահպան ակտիվիստները։ Իսկ նրանք, ինչպես հայտնի է, դեմ են հանքարդյունաբերությանը։ Այսինքն՝ նրանք մի կողմից` տնտեսապես ավելի շահավետ են համարում Եվրամիությանն ինտեգրումը, մյուս կողմից՝ պայքարում են եվրոպացիների համար հիմնական հետաքրքրության ոլորտի դեմ։ Պարզ ասած, նրանցից շատերը ներքուստ ցանկանում են արտադրել և արտահանել գյուղմթերք, սակայն տնտեսապես ինտեգրվել Եվրամիությանը (որը մեր գյուղմթերքը դժվար թե գնի մոտ ապագայում)։
Կամ էլ երևի ցանկանում են, որ դառնանք Եվրամիության անդամ (ապագայում), սակայն տնտեսապես առավել ջերմ հարաբերություններ պահպանենք Մաքսային միության հետ։ Սա գրեթե «և, և» տարբերակն է, որը, ցավոք, չի գործում։