ՍԴՀԿ ղեկավարությունը ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ իշխանամետ, այլ դրամամետ է

Սեպտեմբերի 10-14-ը տեղի ունեցավ ՍԴՀԿ 20-րդ համագումարը, որը բավականին անկանխատեսելի ընթացք ստացավ: Կուսակցության վարչության ատենապետ ընտրվեց Հակոբ Տիգրանյանը, ում հնչակյաններից շատերը համարում են դրածո և նրա ընտրությունը կապում կեղծիքների հետ: Համագումարի ընթացքի վերաբերյալ է մեր զրույցը համագումարի արդյունքներից դժգոհ՝ Լոնդոնի ՍԴՀԿ շրջանը ներկայացնող պատվիրակ, դոկտոր Վազգեն Կասեմջյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում համագումարի ընթացքը:

– 20-րդ համագումարը մեզ համար պատմական նշանակություն պետք է ունենար, քանի որ ճիշտ հարյուր տարի առաջ՝ 1913թ. այս օրերին, Ռումինիայի Կոստանցիա քաղաքում տեղի ունեցավ ՍԴՀԿ 7-րդ համագումարը, որտեղ կուսակցության առաջնորդները հայտարարեցին, որ իթթիհադականների կուսակցությանը 1912թ. տեղի ունեցած համագումարում ծրագրել է հայերի ցեղասպանությունը, և դրա առաջը պետք է առնել, պետք է ազգային հեղափոխություն կազմակերպել: Հնչակյան 20 նվիրյալները եկան Կոստանդնուպոլիս հեղափոխություն կազմակերպելու համար, սակայն բռնվեցին, քանի որ նրանց մեջ էր Արշավիր անունով մի դավաճան, որը մատնել էր հնչակյան նվիրյալներին: 1915թ. Բայազետի հրապարակում նրանց կախաղան բարձրացրին, բայց բազմաթիվ նվիրյալ հեղափոխականներ գնացին նրանց ճանապարհով, քանի որ, ինչպես իր վերջին խոսքում ասել է Փարամազը, կարող եք կախել մեր մարմինները, բայց ոչ երբեք գաղափարները:

Եվ այս տարի բազմաթիվ հայ, քուրդ և թուրք մտավորականներ, սոցիալիստներ ծաղկեպսակներ դրեցին այն նույն հրապարակում, որտեղ կախաղան էին բարձրացվել Փարամազն ու մյուս ընկերները, դրանով իրենց հարգանքի տուրքը մատուցելով նրանց  հիշատակին ոչ միայն որպես հայ ժողովրդի, այլ նաև Թուրքիայի ժողովուրդների ազատության մարտիկների:

Կարդացեք նաև

Վերադառնալով 20-րդ համագումարին՝ պետք է ասեմ, որ մեր խնդիրը նույնն էր, ինչ 7-րդ համագումարին` իսկապես հեղափոխական փոփոխություն կատարել կուսակցության մեջ, որ այն դառնա Հայաստանի առաջատար կուսակցություններից մեկը: Մենք չենք ուզում ընդհանուր խոսքեր ասել, որ դեմ ենք կոռուպցիային, կողմ ենք ազատությունները հարգելուն, մերժում ենք արտագաղթը. նման բաներ բոլորն են ասում: Մենք պետք է գտնեինք այն բանաձևը, թե ինչ գործնական քայլեր պետք է արվեն, որ հայ ժողովուրդը վստահի ու հավատա Հնչակյան կուսակցությանը:

Ես չեմ ուզում, որ հնչակյաններիս հարգեն մեր պատմության, մեր անբիծ և սկզբունքային հեղափոխական պայքարի համար, ես ուզում եմ, որ ՍԴՀԿ-ն հարգեն այսօրվա գործնական քայլերի համար: Ես դեմ էի, որ քննարկվի ամերիկամետ, եվրոպամետ կամ ռուսամետ դիրքորոշումների հարցը, Մաքսային միությանը կամ Եվրամիությանը միանալու հարցը, քանի որ այդ դատարկ քննարկումները ոչինչ չեն կարող տալ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ կուսակցությանը: Նման հարցերում որոշումներ կայացնում է պետությունը, իշխանավորները: Կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց կարծիքը, բայց այդ կարծիքը քանի՞ կոպեկ արժի:

Եթե մենք ուզում ենք, որ մեր կարծիքի հետ, մեզ հետ հաշվի նստեն, պետք է հեղինակություն վայելենք, պետք է լինենք երկրորդ, երրորդ ուժը, պետք է զորեղանանք ու դա պետք է անենք մեր գործերով, ոչ թե դատարկ խոսելով: Բայց զորեղանալու փոխարեն կուսակցությունը անընդհատ հետքայլի մեջ է: Ես չեմ ասում, թե մենք տեղում ենք մնում, մենք հետ ենք գնում: Եվ այդ պատճառով բազմաթիվ ընկերներ հիասթափություն են ապրում:

– Բայց ի՞նչը խանգարեց, որ համագումարը հեղափոխական ընթացք ստանար:

– Խանգարեցին մարդիկ, ովքեր հետադիմական հայացքներ ունեն, ում բավարարում է այսօրվա նեխած ճահիճը: Մի երկու բան եմ ուզում պատմել մեր լիբանանյան ընկերների ոչ ճիշտ պահվածքի մասին: Լիբանանի գաղթօջախը ամենազորավորներից մեկը լինելով՝ հիմա լճացման մեջ է, քանի որ այնտեղ նստած երկու-երեք հոգին իրենց անձնական շահը գերադասում են կուսակցականից, ազգայինից: Սեպուհ Գալփակյանը Լիբանանի խորհրդարանի երեսփոխան է, իսկ Եղիկ Ջերեջյանը՝ նախկին երեսփոխան, ովքեր ոչ մի աշխատանք չեն կատարում, միայն նստած կուսակցական միջոցներն են մսխում սեփական կարիքների համար: Ամենասարսափելին այն է, որ սեփական հարստացման համար այս մարդիկ վաճառում են կուսակցական գույքը, ինչը արգելված է հենց կուսակցության համագումարի որոշումներով:

– Բայց այդ մարդիկ ընտրվեցին կուսակցության վարչությունում: Եթե դուք իսկապես ճիշտ եք, ինչո՞ւ կուսակցության անդամներն իրենց քվեն տվեցին նրանց օգտին:

– Նախ ուզում եմ ասել, որ կուսակցության համագումարում տեղի ունեցան բացահայտ զեղծարարություններ և կեղծիքներ. 4-5 հոգի ապօրինի քվեարկելու մանդատ ստացան, իսկ նրանք, որ օրինավոր կերպով պետք է մանդատ ունենային, զրկվեցին դրանից: Լոնդոնի շրջանը, որ պետք է երկու քվե ունենար, մեկ քվե ստացավ, Քուվեյթի պատվիրակները, որտեղ հարյուրավոր հնչակյաններ կան,  մանդատ չստացան, նրանց պատճառաբանեցին, որ մանդատների վրա չկա կուսակցության կնիքը: Եվրոպայի հնչակյան կառույցներից որևէ ներկայացուցիչ չընտրվեց կուսակցությունում. հինգ հոգի ներկայացնում են Լոս Անջելեսը, իսկ Լիբանանը այդ երկու գող և ավազակները` Սեպուհը և Եղիկը: Մեկ հոգի ձևականորեն ընտրեցին Դամասկոսից, մեկ հոգի՝ Հայաստանից և Կիպրոսից: Սեպուհ Գալփակյանը կուսակցության բյուջեի հաշվին համագումարի էր հրավիրել մարդկանց և քվեարկելու իրավունք էր տվել մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ:

– Չե՞ք վախենում, որ հակակուսակցական պահվածքի մեղադրանքով կհեռացվեք կուսակցությունից:

– Հնարավոր է, որ իրենց մտքով անցնի ինձ հեռացնել կուսակցությունից, բայց այդ դեպքում պետք է հեռացնեն կուսակցության մեծամանությանը, քանի որ կուսակցության մեծամասնությունը մտածում է ճիշտ իմ նման: Եվ փոքրամասնությունը չի կարող կառավարել մեծամասնությանը, այլ մեծամասնությունը պետք է կանխի նրանց հակակուսակցական քայլերը:

– Արդյոք քննարկվե՞լ է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վիճակը, ի՞նչ կարծիք ունի ՍԴՀԿ-ն Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ:

– Որոշվեց, որ պետք է լինենք Մաքսային միության կողմնակից, լավատես, բայց վերապահությամբ: Այսինքն՝ մենք կողմնակից ենք Մաքսային միությանը, բայց վերապահությամբ. այդպիսի խայտառակ բանաձև հնարավոր չէ պատկերացնել: Նորից գալիս ենք «և-և»-ին, մինչդեռ մեր դիրքորոշումը պետք է հստակ լինի: Մենք բոլորս էլ կողմնակից ենք եվրոպական արժեքներին, ուզում ենք, որ Հայաստանը ևս ապրի այդ արժեքներով, բայց մեր անվտանգությունը կապված է Ռուսաստանի հետ, և այդ ընտրությունը կատարված է վաղուց: Ապրելով Հայաստանից դուրս՝ մենք իրավունք չունենք թելադրելու Հայաստանին, մանավանդ որ դա կապված է անվտանգության հետ, դա Հայաստանի, ժողովրդի, իշխանության և հատկապես նախագահ Սարգսյանի որոշելիքն է:

– ՍԴՀԿ ԿՎ ատենապետ է ընտրվել մի մարդ, ում անունը հայտնի է միայն հնչակյաններին: Ո՞վ է նա, ինչպե՞ս կբնորոշեք նրան:

– Նոր ատենապետը պատահական մարդ է, ով 8-ամյա կրթություն ունի, ավարտել է Մելքոնյան վարժարանը և Սեպուհ Գալփակյանի ու Եղիկ Ջերեջյանի դրածոն է: Դրել են, որ իրենց համար քարտուղար աշխատի: Իրենք գիտեին, որ շատ խոցելի են, չեն կարող իրենց անունով հանդես գալ, դրա համար էլ թաքնվեցին վարագույրի հետևում, բայց վարագույրը շատ թափացիկ է: Նրանք այդ ատենապետ կոչվածին օգտագործելու են իրենց անձնական հարստացման համար, իրենց շահի սպասարկման համար:

– Անընդհատ խոսում եք այդ շահից, ո՞րն է այդ շահը, ինչպե՞ս է այն դրսևորվում:

– Գաղտնիք չէ, որ Լիբանանում մեր կուսակցությունն ունի պատգամավորական և նախարարական տեղեր, ստանում է պետական գումարներ, և այդ գումարների ծախսերի համար նրանք որևէ մեկի առջև հաշվետու չեն, նույնիսկ համագումարի առջև հաշվետու չեն: Կարող է Աստծո առաջ պետք է հաշվետու լինեն, բայց վախենամ, որ այդ սրիկաները կարողանան խուսափել անգամ Աստծո առաջ հաշվետու լինելուց:

Բայց ամենամեծ խայտառակությունն այն էր, որ մենք բացահայտեցինք Լիբանանի ընկերների խաբեությունը: Բեյրութում Սահակյան դպրոց ունենք, որն ընդարձակ հողատարածք ունի: Դրա մի հատվածի վրա նախատեսված էր թատրոն կառուցել, որը պետք է լիներ համայնքային մշակության կյանքի աշխուժացման միջոց: Բայց տեղեկացանք, որ նույն Սեպուհ Գալփակյանը և Եղիկ Ջերեջյանը այն վաճառել են 2,2 միլիոն դոլարով և փողը դրել են իրենց անձնական հաշիվների վրա ու դրա տոկոսներով կուսակցական մանկլավիկներ են պահում: Թատրոնի համար նախատեսված հողը վաճառում է մի մարդ, ով Հայաստանում Թատերական  ինստիտուտ է ավարտել, և ինքը պետք է լիներ հայ թատրոնի զարգացման ջատագովներից մեկը, բայց ով անձնական շահից բացի՝ այլ զգացում չունի: Խոսքը Սեպուհ Գալփակյանի մասին է:

– Բայց ի՞նչ հիմնավորմամբ է վաճառվել այդ հողը, եթե այն այլ նպատակի պետք է ծառայեր:

– Ես Լիբանանի կառույցի ղեկավար Ալեքս Քեշքորյանին հարցնում եմ, թե ինչո՞ւ եք վաճառել հողը, նա ասում է, որ Սահակյան դպրոցը պետությանը և ուսուցիչներին 400.000 դոլար էր պարտք, և այդ պարտքը մարելու համար վաճառեցինք հողը, միևնույն է՝ այնտեղ այծեր էին արածում: Պատգամավորները հավատացին այս բացատրությանը, բացի ինձնից, քանի որ ես պարզեցի կեղծիքը: Պարզվեց, որ Սահակյան դպրոցը 3-4 տարի առաջ է 180.000 դոլար պարտք ունեցել պետությանը, բայց Լինսի հիմնադրամը, որ ֆինասավորվում է բարերար Քըրք Քըրքորյանի կողմից, ամբողջովին վճարել է այդ պարտքը:

Լինսի հիմնադրամով բոլոր հայկական դպրոցներին 50 հազարական դոլար նվիրատվություն էր հատկացվել, բայց Հարութ Սասունյանը, որ ֆոնդի կառավարչն էր, ընդառաջելով հնչակյանների խնդրանքին, ամբողջովին մարել էր դպրոցի՝ պետությանը ունեցած պարտքը: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ այդ պարտքը վճարվել է Լինսի հիմնադրամի կողմից, և մենք շնորհակալ ենք Քըրք Քըրքորյանից և Հարութ Սասունյանից, բայց այդ սրիկաները փորձում են այդ պարտքը վկայակոչելով՝ արդարացնել իրենց հանցագործ պահվածքը: Այս կեղծիքի համար Ալեքսին ու իր ընկերներին ոչ թե կուսակցությունից հեռացում, այլ մահապատիժ է հասնում: Ես ասում եմ՝ լավ, հողը վաճառել եք, եկեք գումարը արդյունավետ ծախսենք. մի կես միլիոնով Հայաստանում Հնչակայան կենտրոն կառուցենք կամ գնենք, մի 100 հազար դոլար տանք Հայաստանում Կիլիկյան վարժարանի գործունեության շարունակականությունը ապահովելու համար, որը բացվել էր հնչակյան ընկերների նվիրատվությամբ և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցությամբ, բայց այս տարի, ցավոք, փակվել է գումարի բացակայության պատճառաբանությամբ: Ինձ պատասխանում են, թե պետք չունենք Կիլիկյան դպրոցի, թող պետությունը պահի:

Այսպես մտածողները չեն կարող կուսակցական ընկերներ լինել, դրանք ազգի դավաճաններ են, և ես իրենց երեսին եմ ասել, որ թքած ունեմ իրենց վրա: Սրանք քննադատում են Սեդրակ Աճեմյանին, բայց նա մեր կուսակցության ամենաձեռնբաց անդամներից էր, ով իր գրպանի գումարն էր ծախսում կուսակցական կարիքների համար: Սրանք միայն կուսակցական գումարը սեփական կարիքների համար են ծախսելու, և կուսակցությունը ավելի հետ է գնալու: Այս ամենը ասում եմ, քանի որ Սահակյան դպրոցի մի տարածք էլ նախատեսված է մանկապարտեզի կառուցման համար, և ես մտահոգություն ունեմ, որ մի օր էլ այդ հողակտորը կվաճառեն:

– Ի՞նչ եք մտադիր անել ստեղծված վիճակից դուրս գալու համար:

– Ես կարող է դուրս գամ կուսակցությունից, բայց փորձելու եմ համախոհ ընկերների հետ վերափոխել կուսակցությունը, նրան վերադարձնել վաղուց կորսված հեղափոխական էությունը: Ես Կատար էի տարել մեր օպերային թատրոնը, այնտեղ բեմադրեցինք «Սպարտակը», և ես կուսակցությունում գործելու եմ «Սպարտակի» ըմբոստ ու հեղափոխական ոգով: Պետք է Ժնևում անցկացնենք ՍԴՀԿ եվրոպական կոնգրեսը՝ առանց Կենտրոնական վարչության տեսակետը հաշվի առնելու: Կհրավիրենք ավելի պատկառելի պատվիրակություններ ամբողջ Եվրոպայից, ավելի ներկայացուցչական կազմով: Դուք գիտեք, որ հենց Ժնևում է 1887թ. ստեղծվել ՍԴՀԿ-ն Ավետիս Նազարբեկի, Մարո Վարդանյանի, Գևորգ Խարաջյանի և մյուս նվիրյալների կողմից: Կոնգրեսը կազմակերպելու ենք հենց նույն վայրում, որտեղ ստեղծվել է կուսակցությունը, գնալու ենք այն նույն սրճարանը, որտեղ հանդիպել են Ավետիս Նազարբեկը, Ուլյանով Լենինը, Պլեխանովը: Կուսակցությունը վերադարձնելու ենք իր սոցիալիստական, հեղափոխական ակունքներին: Սա պետք է արվի, որ մաքրվի այն անպատվությունը, որ տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցի դահլիճում: Ես երկարամյա հնչակյան եմ, և այդ համագումարի օրը ամենաանպատվաբեր օրն էր ինձ համար, քանի որ դա ցույց տվեց կուսակցության խեղճությունն ու անկազմակերպվածությունը:

– Համագումարում անդրադարձ եղե՞լ է ներքաղաքական հարցերին: 19-րդ համագումարում դուք որոշեցիք, որ ընդդիմադիր եք, հիմա ի՞նչ դիրքորոշում ունեք իշխանության նկատմամբ:

– Այսօրվա ՍԴՀԿ ղեկավարությունը ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ իշխանամետ, այլ միայն դրամամետ: Դրամն է նրանց միակ հավատամքը և գաղափարը:

Տեսանյութեր

Լրահոս