«Դե որ արդեն ուշ է, էլ ինչ խոսենք դրա մասին». Դավիթ Հովհաննիսյանը` սիրիահայերին տարհանելու հարցի մասին

«Եթե հանկարծ մուսուլմանական ծայրահեղական իշխանությունները Սիրիայում գան իշխանության, ապա այնտեղ ալավիներին անմիջապես մորթելու են և ձեռքի հետ` բոլոր այլադավաններին, այդ թվում նաև սուննիներին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» Սիրիայի խնդրի վերաբերյալ հրավիրված քննարկմանն ասաց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այժմ Սիրիայի կառավարական ուժերն անհամեմատ ավելի ուժեղ են, քան զինյալ ընդդիմությունը` «Սիրիայի ազատ բանակի» զորքերը, որոնք, արևելագետի խոսքերով, հիմնականում կազմված են դասալիքներից և մարտունակությամբ և սպառազինությամբ զիջում են իշխանական զորքերին:

Ինչ վերաբերում է ամերիկյան ուժերի կողմից Սիրիային հնարավոր հարվածին, այս մասին Դավիթ Հովհաննիսյանն ասաց. «Իմ կարծիքով` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինի հարվածել Սիրիային, որովհետև դա շատ վտանգավոր է թե´ միջազգային իրավիճակի կտրուկ սրման, լարման աճի տեսանկյունից, և թե´ ներքին իրավիճակից»: Նա նշեց, որ, ըստ հարցումների, ԱՄՆ-ի բնակչության մոտ 67 տոկոսը դեմ է Սիրիայի վրա հարձակմանը:

Իսկ մեկ այլ արևելագետ, «Ցեղասպանության» թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայի իրադարձություններին արդեն պետք է նայել արտաքին ռազմական ներխուժման հնարավորության տեսանկյունից:

Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքները, դժվար է կանխատեսել, քանի որ դա ուղղակիորեն կախված է ամերիկյան քայլերի ձևաչափից և ժամանակից, այսինքն` կլինեն կետային հարվածներ ռազմական ենթակառուցվածքների՞ն, թե՞ այլ օբյեկտների ուղղությամբ:

Կարդացեք նաև

Ամեն դեպքում նա նշեց, որ նման հարվածներն միանշանակ կերպով կթուլացնեն Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը:

«Եթե պատկերացնենք` որտեղ են հարվածելու, հարվածելու են զորանոցներին, օդանավակայաններին, ռազմամթերքի կենտրոններին և թռիչքային հրապարակները, որտեղից թռչում է սիրիական օդուժը, որն, այնուամենայնիվ, այսօրվա պատերազմում վճռական առավելություն է տալիս կառավարական ուժերին: Եթե հարվածեն օդանավակայաններին, ապա իշխանությունները կզրկվեն այդ վճռական գործոնից»,- ասաց նա:

Մենք խնդրեցինք բանախոսներին անդրադառնալ հատկապես Սիրիայի հայ համայնքի վիճակին: Հարցադրմանը, թե արդյոք կա՞ անհրաժեշտություն տարհանելու սիրիահայերին` հնարավոր վտանգի դեպքում, քանի որ, ըստ որոշ դիվանագետների, այդ քայլն արդեն ուշացած է, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դե որ արդեն ուշ է, էլ ինչ խոսենք դրա մասին»:

«Իմ շփումների փորձը ցույց է տալիս, որ իրենք նախընտրում են իրենց տանը մնալ: Ես զանգ եմ տալիս, ասում եմ` դե վեր կացեք, եկեք… Իսկ հիմա Հայաստան գալու ճանապարհը մի քիչ բարդ է, նույնիսկ դեպի Լիբանան շատ դժվար է գնալ»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Իսկ «Սիվիլնեթի» լրագրող, սիրիահայ Հարութ Էքմանյանն էլ նշեց, որ իր համար վիճելի են «տեղահանել» կամ «տարհանել» բառերը:

«Ինչպես անգլերենում են ասում, սա ուղղակի case (առանձնահատուկ,-Ա.Ս.) դեպք է, այսինքն նման բան չկա, որ  ամբողջ համայնքը միասին որոշի գնալ կամ միասին որոշի մնալ: Ամեն մի անհատ իր որոշումն է կայացնում, լինի դա Հայաստան գալը, թե գնալ Եվրոպա, Լիբանան…Ես Սիրիայում  ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր թե´ ֆինանսական հնարավորություններ ունեն, թե´ տարբեր հնարավորություններ ունեն այնտեղից գնալու, բայց կա հոգեբանական գործոնը, որն իրենց չի թողնում լքել այդ երկիրը: Կա նաև հակառակը. մարդիկ կան, որ պատրաստ են լքելու Սիրիան, բայց ֆինանսական միջոցների նեղություն ունեն»,- ասաց Հարութ Էքմանյանը:

Նշենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսում սիրիահայերի խնդրի մասին խոսել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ է ահազանգել, որ Բաշար ալ-Ասադի տապալման դեպքում սիրիահայերին սպասվում է «բարդուղիմեոսյան գիշեր»:

«Այսօր ոչ միայն ուշ է, այլև շատ ուշ է: Մեր 30.000 հայրենակիցները Հալեպում գտնվում են պատանդի վիճակում` առանց դրամի, ուտելիքի, ջրի և հեռախոսային կապի, և ով փորձի դուրս գալ քաղաքից, նա պարզապես կստանա փամփուշտ, սա է իրականությունը: Հիմա այս իրադության մեջ ինչպես պահեցինք մեզ մենք բոլորս, կարծում եմ` «պլենդուսից» էլ ավելի ցածր: Կարող եմ օրինակներով ասել. Կիլիկիայի տան մեծ կաթողիկոսը, ով իրեն շատ խելոք մարդ է համարում, հայտարարեց, որ սիրիահայերը պետք է մնան այնտեղ, իրենք պարտք ունեն կատարելու ինչպես Սիրիայի, այնպես էլ հայրենիքի նկատմամբ: Թե հայրենիքի նկատմամբ ի՞նչ պարտք ունի կատարելու սիրիահայը, եթե վաղը նա այնտեղ ավելացնի գերեզմանների թիվը, ես չեմ պատկերացնում…

Այստեղ խոսքը կարող է գնալ նրա մասին, որ եթե Ասադն ընկավ, և եթե այս ռմբակոծումը լինի, այնտեղ կարող է սկսվել, ֆրանսիացիները լավ խոսք ունեն, «կառնաշ», այսինքն` մարդկանց կսկսեն մորթել, հասկանո՞ւմ եք, սա կարող է լինել: Եվ ինչի՞ հայերը դուրս չեկան այնտեղից, երբ կային մարդիկ, ովքեր ասում էին, այդ թվում` ես: Հանե´ք, եղբայր, ինչ ձևով ուզում եք` հանեք, ինքնաթիռ ուղարկեք, հնչեցրեք տագնապ ամբողջ աշխարհով մեկ, տարեք Ալյասկա, տարեք, չգիտեմ, Պատագոնիա, Ավստրալիա, բայց փրկեք մարդկանց:

Կյանքը փրկելու հարց կա…Կարծում եմ` Հայաստանի իշխանությունները նույնպես ադեկվատ չգտնվեցին…Գոնե կարողանան հիմա ելքեր գտնել, ռուսական նավատորմն իր նավերը մտցրել է տարածքային ջրերը, նավերը հիմնականում գնացել են նրա համար, որպեսզի ռուս համայնքը հանեն այնտեղից: Սերժ Սարգսյանը երևի ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերած կլինի Պուտինի հետ, գոնե մեր հայրենակիցներին այնտեղից հանեն »,- ասաց դիվանագետ Արման Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս