ԱՄՆ-ը հարյուրավոր վարձկաններ է պատրաստում Թուրքիայում և Հորդանանում. ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին երեկ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում հայտարարել է, որ ԱՄՆ-ից ու Սաուդյան Արաբիայից ժամանած հրահանգիչները Թուրքիայի ու Հորդանանի տարածքներում նախապատրաստում են հարյուրավոր զինյալների, որոնց պլանավորված է հետագայում ուղարկել Սիրիա՝ պատերազմելու համար սիրիական կառավարական ուժերի դեմ.
«Հորդանանում ակտիվորեն գործում են Սաուդյան Արաբիան ու Պենտագոնը: Այդ երկրներում նրանք մարզում են Սիրիայից և այլ երկրներից ժամանած հարյուրավոր վարձկանների, որպեսզի հետագայում այդ զինյալները հարավից մտնեն Սիրիա: Նույն բանը տեղի է ունենում նաև Թուրքիայի տարածքում:
Սիրիան դարձել է իր ներքին գործերին միջամտելու զոհը, ինչի հետևում կանգնած են այլ երկրների և մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հատուկ ծառայությունները: Մեզ պետք չեն պատերազմներ: Մենք կարիք ունենք հակամարտությունների խաղաղ կարգավորման՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան:
Մենք պատերազմ չենք հայտարարել ԱՄՆ-ին կամ էլ մեր հարևան երկրներից մեկին: Այո՛, մենք հիրավի ճգնաժամ ենք ապրում, նախկինում Սիրիայում իսկապես եղել են իրավախախտումներ ու անարդարություն: Մեզ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Մենք հավատում ենք այն նույն կարգախոսին, որը Բարաք Օբաման ընտրել է իր նախընտրական կամպանիայի համար. «Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ, և մենք կարող ենք իրականացնել դրանք»:
Սիրիային ռազմական հարված հասցնելու մասին Օբամայի որոշումը զուրկ է որևէ իմաստից և կհանգեցնի միայն հազարավոր անմեղ մարդկանց զոհվելուն: Դրա փոխարեն անհրաժեշտ է միանալ Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերին»: