Էրդողանը Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Այս մասին հայտնել են վարչապետական ապարատի աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տևել է մոտ կես ժամ: Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Քեմերոնը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչը մասնավորապես վերաբերում է Սիրիային ու Եգիպտոսին:
Սիրիայի հետ կապված՝ Էրդողանը կարևորել է ՄԱԿ ԱԽ-ի կողմից կոնկրետ քայլերի ձեռնարկումը, իսկ Եգիպտոսի հետ կապված՝ ժողովրդավարությանը վերադարձ կատարելը և բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում նաև նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի ազատ արձակումը:
Նշվում է, որ վերջին օրերին Էրդողանը Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Այրաուլտի հետ ունեցած հեռախոսազրույցներում: