Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևի՝ ռուսական հարվածներից պաշտպանության ձախողման մեջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ Ռուսաստանի զինված ուժերի՝ էներգետիկ օբյեկտներին հասցրած զանգվածային հարվածներին քաղաքի նախապատրաստման ձախողման մեջ։ Այս մասին հրապարակում է արվել քաղաքական գործչի Telegram-ալիքում։
Հոկտեմբերի 9-ի առավոտյան ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի մի քանի շրջաններ զրկվել են էլեկտրամատակարարումից։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել և էներգետիկ օբյեկտների պաշտպանության անձնական պատասխանատվությունը դրել մարզային ռազմական վարչակազմերի ղեկավարների վրա։
Նա նաև անընդունելի է համարել էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների տեմպերի դանդաղեցումը՝ ձմռան մոտենալու պայմաններում։
«Առանձին առաջադրանքներ են սահմանվել Կիևի համար՝ քաղաքային իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլերը գրեթե ամբողջությամբ չկատարելու պատճառով»,- հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտահոգիչ նախազգուշացում էր արել մայրաքաղաքի բնակիչներին։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքային խնդիրների պայմաններում խոսքը քաղաքացիների գոյատևման մասին է։

