Ապօրինի ներգաղթյալների մոսկովյան ճամբարում առկա տխուր պատկերը (տեսանյութ)
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Գոլյանովյան շրջանում գտնվող ապօրինի ներգաղթյալների վրանային ճամբարում երկու օր առաջ կատարված նկարահանումները հայտնվել են You Tube վիդեոհոսթինգում:
Տեսանյութում երևում է, որ վիետնամցիները բողոքում են սովից, իրենց համար սովորական դարձած բրնձի փոխարեն հատկացվում է հնդկացորեն, հղի կինն ընդգծում է, որ մահանում է իր ապագա երեխան:
Միջին Ասիայից ժամանած ներգաղթյալներն իրենց գալը պատճառաբանում են հայրենիքում գործող արտադրություն չլինելով, պետական կառույցներում աշխատատեղերի բացակայությամբ:
Ապօրինի ներգաղթյալները բողոքում են էլեկտրաէներգիայի բացակայությունից, ինչի պատճառով անգամ չեն հասցնում լիցքավորել իրենց բջջային հեռախոսները և իրենց հարազատներին հայտնել, թե ինչ է պատահել իրենց հետ:
Իրավաբանները պնդում են, որ տվյալ ճամբարների կարգավիճակը հստակեցված չէ, և որ դրանք ապօրինի են: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը ներկայումս փորձում է օրինակացնել այդ հիմնարկները՝ դրանց համար փնտրելով հարմար անուն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը երկրի ողջ տարածքում ստեղծելու է ճամբարներ, որոնցում պահվելու են դատարանի որոշմամբ արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալները: