Բաժիններ՝

Հերթական արտոնությունը «Գլորիային»

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան արդեն հերթական անգամ արտոնություն կստանա: ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 1-ի նիստում նախատեսվում է թույլատրել ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմի  ժամկետների երկարաձգումը մինչև 2016 թ-ի սեպտեմբերի 29-ը:

«Գլորիայի» հիմնադիրներն են իտալական SARTIS ընկերությունը և Վանաձորի STYLISSA  կարի ֆաբրիկան՝ 50-ական տոկոս մասնաբաժիններով:

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու  համար` տրամադրվում է պատվիրատուի կողմից և ներմուծվում են ՀՀ տարածք «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

2009 թ. սեպտեմբերին «SARTIS» ընկերության հետ կնքված պայմանագրով` 5 տարի ժամկետով ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորումներ: Նշված սարքվորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը ՀՀ կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 24-ի N1253-Ա որոշմամբ երկարաձգվել է մինչև 2013 թ-ի սեպտեմբերի 29-ը: Ըստ կառավարության որոշման նախագծի՝ քանի որ նշված ընկերությունների համագործակցությունը վերջին տարիներին ընթացել է  արդյունավետ, ուստի, այն շարունակական դարձնելու նպատակով` «SARTIS»-ի կողմից 2013-ի հունվարի 15-ին կնքվել է ընկերության հետ համագործակցության պայմանագիր ևս 5 տարի ժամկետով:

Կարդացեք նաև

Սակայն ընկերության կողմից ներ­կա­յաց­ված ներդրումային ծրագրին կից ներմուծված ապրանքների ցանկում ընդգրկված են նաև այլ ապ­րանք­­ներ, որոնց համար օրենսդրությամբ սահմանված չէ «Ժամանակավոր ներ­մու­ծում» մաքսային ռեժիմի երկարաձգման հնարավորություն, օրինակ՝ հոսքագծի սեղաններ, արմնկակալների թրջման սար­քա­վո­րում, փականագործական մետաղյա սեղան, կարի արտադրական աթոռներ, կարի արտադրասեղաններ և այլն: Այս հիմնավորմամբ Պետական եկամուտների կոմիտեն առարկել է ընկերությանը արտոնություն տրամադրելու հարցին:

Նշենք, որ 2010 թ-ին ՊԵԿ-ը և ֆինանսների նախարարությունը կրկին առարկել էին «Գլորիային» ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելուն, քանի որ բացակայում էր ֆինանսական վարձակալության պայմանագիրը, ինչը պարտադիր է տվյալ դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս