Բաժիններ՝

2012 թվականին Մեքսիկայում նվազել է սպանությունների քանակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցյալ տարի Մեքսիկայում կատարված սպանությունների քանակը գրեթե 1200-ով զիջում է դրա նախորդ տարվա ցուցանիշին:

2012 թվականին Մեքսիկայում յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկել 22 սպանություն, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 24 սպանություն: Այս մասին են վկայել վիճակագրական տվյալները:

Դրանց համաձայն, 2012 թվականին Մեքսիկայում իրականացվել է 26.000-ից քիչ ավելի սպանություն, մինչդեռ 2011 թվականին՝ 27.200 սպանություն: Ամենավտանգավոր նահանգներ են ճանաչվել երկրի հյուսիսում գտնվող Չիուաուան և հարավում գտնվող Գերերոն, ուր 100.000 բնակչին բաժին է ընկել 77-ական սպանություն:

Ընդ որում, մեկ տարում Չիուաուայում կտրուկ նվազել է սպանությունների քանակը (2011 թվականի ցուցանիշը կազմել է 126 սպանություն), իսկ Գերերոյում՝ ընդհակառակը (2011 թվականի ցուցանիշը կազմել է 70 սպանություն):

Ամենաանվտանգ նահանգներ են ճանաչվել Ագուասկալիենտեսն ու Յուկատանը, ուր յուրաքանչյուր 100.000 բնակչին բաժին է ընկել համապատասխանաբար 4 և 2 սպանություն:

Մեքսիկայի իշխանությունները 2006 թվականից իրական պատերազմ են մղում հանցավորության ու թմրաբիզնեսի դեմ, ինչը հաշվետու ժամանակահատվածում պաշտոնական տվյալներով խլել է մոտ 70.000 կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս