Ո՞վ է պատասխանատու մահաբեր շինհրապարակների և փլուզվող պատշգամբների համար. Քաղաքապետարանի պարզաբանումը
Երևանի քաղաքապետարանը պատասխանել է մայրաքաղաքում արձանագրված վերջին փլուզումների վերաբերյալ 168.am-ի հարցմանը:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրավոր հարցմամբ Երևանի քաղաքապետարանին հարցադրումներ էր ուղղել վերջին փլուզումների հետքերով` հիշեցնելով մի քանի ողբերգական միջադեպեր.
Գաջեգործների փողոց (հոկտեմբերի 29). կոյուղագծի փորման ժամանակ հողաշերտի փլուզման հետևանքով երկու աշխատակից մնացել էին հողի տակ. մեկը մահացել էր, մյուսը՝ վիրավորվել։
Երվանդ Օտյան փողոց (հոկտեմբերի 28). տներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս էր բերվել և հոսպիտալացվել երկու քաղաքացի։
Տիչինայի փողոց (սեպտեմբերի 29). «Դեֆանս Հաուս» շինհրապարակում բարձրահարկ շինարարական կռունկի փլուզման հետևանքով 3 աշխատակից էր մահացել։
Բագրատունյաց փողոց (օգոստոսի 31). բնակելի շենքի 5-րդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի վայր էին ընկել. նրանցից մեկը ստացել էր ծանր վնասվածքներ։
Շիրակի փողոց (2025 թ. դեկտեմբերի 1). նախկին դաշնամուրի գործարանի եռահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով մեկ քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Քաղաքապետարանից պարզաբանում էինք խնդրել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ ո՞ր ընկերությունն էր իրականացնում Գաջեգործների փողոցի աշխատանքները, և արդյո՞ք առկա էր թույլտվություն ու տեխնիկական վերահսկողություն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խոշոր շինհրապարակներում վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ, քանի՞ կառուցապատող է տուգանվել կամ զրկվել շինթույլտվությունից, արդյո՞ք գույքագրվել են վթարային պատշգամբները, որքա՞ն բյուջե է հատկացվել դրանց նորոգմանը և ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հետ։
Ի պատասխան հարցման՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են հետևյալը.
Գաջեգործների փողոցի աշխատանքների և վերահսկողության մասին
Էրեբունի վարչական շրջանի Աղի լճի տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն՝ «ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-26/12» ծածկագրի պայմանագրով։ Գաջեգործների փողոցի կոյուղագծի փորման աշխատանքներն իրականացվել են հենց այդ պայմանագրի շրջանակում՝ 2026 թ. հուլիսի 31-ին տրված ՇԹ/5/33656-26 շինարարական թույլտվության հիման վրա։
Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունն իրականացվում է «Արտակ Մարտիրոսյան» ԱՁ-ի կողմից՝ «ԵՔ-ԳՀԽԾՁԲ-26/134» ծածկագրով գնման պայմանագրով։
Շինհրապարակների նկատմամբ վերահսկողության և տույժերի մասին
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-րդ հոդվածով սահմանված ՏԻՄ լիազորությունների շրջանակում շինարարության իրականացման անվտանգության ստուգման առնչությամբ նորմ առկա չէ։
Միաժամանակ նշվել է, որ 2025-2026 թթ. շինարարության հրապարակներում տարաբնույթ թերություններ հայտնաբերելու հիմքով (ՎԻՎՕ 157.15-րդ հոդված) կայացվել է շուրջ 2500 «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշում։
Արձանագրված խնդիրների դեպքում քաղաքապետարանն աշխատանքային կարգով և անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ աշխատողների անվտանգության հարցերով ուսումնասիրություններ և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։
Վթարային պատշգամբների գույքագրման և բյուջեի մասին
Քաղաքապետարանը հիշեցրել է, որ բազմաբնակարան շենքի կախովի պատշգամբը հանդիսանում է բնակարանի սեփականատիրոջ առանձին սեփականությունը (եթե սպասարկում է մեկ բնակարանի և ներառված է կադաստրային հատակագծում), իսկ դրա ընթացիկ պահպանման ու անվտանգ շահագործման պատասխանատվությունը՝ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի, կրում է սեփականատերը։
Այնուամենայնիվ, Բագրատունյաց փողոցի դեպքից առաջ և հետո՝ կառավարման մարմինների և բնակիչների ահազանգերի հիման վրա, իրականացվում են պատշգամբների շարունակական ակնադիտական ուսումնասիրություններ։ Նշվել է, որ բնական մաշվածության, եղանակային պայմանների և ոչ պատշաճ շահագործման հետևանքով պատշգամբների վթարայնության աստիճանը փոփոխական է, իսկ արտաքին զննությամբ հնարավոր չէ բացահայտել ներքին թաքնված վնասվածքները (օրինակ՝ ամրանների կոռոզիան կամ բետոնի ներքին քայքայումը)։
Նախնական ուսումնասիրությունների և հաշվառման արդյունքներով արձանագրվել է 106 պատշգամբ, որոնց վերանորոգման և ամրացման աշխատանքների նախնական արժեքը գնահատվում է շուրջ 53 մլն ՀՀ դրամ։
Աշխատանքների իրականացման ֆինանսավորման և ժամկետների վերաբերյալ հստակ պարզաբանում հնարավոր կլինի տրամադրել Երևանի 2027 թվականի համայնքային բյուջեի հաստատումից հետո՝ ըստ բյուջետային հնարավորությունների և առաջնահերթությունների։

