Քուշներ․ Ուկրաինայի անվտանգությունը կապված է Եվրոպայի անվտանգության հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը չի կարելի դիտարկել Եվրոպայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության ձևավորման համատեքստից դուրս։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել անվտանգության ոլորտում գործող եվրոպական ինստիտուտները և հասկանալ, թե ինչու գործող մեխանիզմները չեն կարողացել կանխել ներկայիս հակամարտությունը։
Քուշները նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել այնպիսի ապագայի, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանը չի անհանգստանա ՆԱՏՕ-ից, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանից։
Նրա խոսքով՝ Թրամփը պատրաստ կլինի Ուկրաինային տրամադրել անվտանգության հզոր երաշխիքներ, եթե համոզվի, որ նոր հակամարտության հավանականությունը չափազանց փոքր է։
Քուշները հայտնել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսում է անվտանգության ճարտարապետության հարցով անցկացնել ինչպես փակ հանդիպումներ, այնպես էլ բազմակողմ քննարկումներ։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքների տրամադրումը, առանցքային նշանակություն ունի կայուն խաղաղության հասնելու համար։
Քուշների գնահատմամբ՝ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ քննարկելու նման երաշխիքները, առաջընթացի կարևոր քայլ է և կարող է վկայել այն մասին, որ Մոսկվան լրջորեն տրամադրված է խաղաղության հաստատմանը։

