Բաժիններ՝

Գինեկոլոգիական խնդիրներ և հղիություն. բժշկի պատասխանները՝ ամենատարածված հարցերին

Մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Պավել Օլեգի Սոցկին պատասխանել է Doctors.am-ի ընթերցողների կողմից գինեկոլոգիական ամենաշատ տրվող հարցերին:

– Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը: Ինչպե՞ս է այն դրսևորվում և ախտորոշվում:

– Սա վիրուս է, որ փոխանցվում է օդակաթիլային և սեռական ճանապարհով։

Ախտորոշման հիմնական մեթոդներն են սերոլոգիական հետազոտությունը, երբ արյան միջոցով որոշվում է ինունոգլոբուլին G և M-ի մակարդակը: Առաջինը ցույց է տալիս՝ թե մարդը նախկինում տարե՞լ է այդ վիրուսը, ունի իմունիտետ թե՝ ոչ: Իսկ M ցուցանիշը ցույց է տալիս ներկա պահին վիրուսն ակտիվ է թե ոչ:

Կարդացեք նաև

Ախտորոշման մյուս եղանակը PCR մեթոդն է: Այն իրականացվում է քսուքի նմուշ վերցնելով. պոլիմերազ շխթայական ռեակցիան ցույց է տալիս` արդյունքը դրական է թե բացասական:

Ինչպես և ցանկացած վիրուս, տարածվելով ամբողջ օրգանիզմով, այն կարող է ախտահարել տարբեր օրգան-համակարգեր: Ծանր դեպքերում ախտանիշներն են` ընդհանուր թուլություն, քթահոսություն, տենդ, ջերմության բարձրացում, սակայն վիրուսը հիմնականում զարգանում է առանց ախտանիշների:

– Որքանո՞վ է սա վտանգավոր՝ հղիության պարագայում:

– Հնարավոր է, որ հղիությունից դուրս մարդը չունենա գանգատներ, ախտանիշներ, սակայն հղիության ընթացքում, այն, կարող էհանգեցնել վիժման:

– Կարելի՞ է ենթադրել, որ խորհուրդ կտայիք հղիության պլանավորման ընթացքում հետազոտվել և բացառել այս վիրուսի առկայությունը:

– Այո, միանշանակ: Սա այն հետազոտություններից է, որ կինը պետք է անցնի հղիություն պլանավորելիս: Ի դեպ, հարկ եմ համարում շեշտել, որ հետազոտություն պետք է անցնի զույգը:

– Վիրուսն ունի՞ տարիքային որոշակի սահման, թե՞ այն բոլորին կարող է փոխանցվել:

– Փոխանցման հավանականությունը պայմանավորված է մարդու իմունային համակարգով: Որքան այն ցածր է՝ այնքան ավելի հեշտ կփոխանցվի վիրուսը:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում պապիլոմավիրուսը, որոնք են փոխանցման ուղիները: Արդյո՞ք այն մեծ տարածում ունի:

– Պապիլոմավիրուսը նույնպես առավել մեծ տարածում ունեցող վիրուսներից մեկն է: Փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով: Գոյություն ունեն այս վիրուսի բարորակ (6-ը, 11-ը) և չարորակ (16, 18, 31, 35 և այլ) տիպեր : Չարորակ տիպերը վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի:

Պապիլոմավիրուսը, կարող է արտահայտվել է կոնդիլոմաների տեսքով. հեշտոցի պատերին և վուլվայի արտաքին շրջանում կամ տափակ կոնդիլոմաներ տեսքով՝ արգանդի պարանոցի վրա, որը տեսանելի է կոլպոսկոպիկ հետազոտության ժամանակ:

– Որո՞նք են պապիլոմավիրուսի ախտորոշման մեթոդները:

– Ախտորոշման հիմնական եղանակը PCR մեթոդն է: Կան այլ մեթոդներ ևս՝ արյան միջոցով- իմունոֆերմենտային մեթոդ և այլն… Սակայն ամենաճշգրիտ և գերզգայուն տարբերակ է համարվում PCR մեթոդը: Չարորակ տիպերի հայտնաբերման դեպքում իրականացվում է նաև կոլպոսկոպիկ հետազոտություն՝ արգանդի պարանոցի ընդհանուր վիճակը գնակատելու և անհրաժեշտության դեպքում հավելյալ միջամտություններ նշանակելու նպատակով:

– Գոյություն ունի՞ արդյոք ռիսկային խումբ՝ պապիլոմավիրաուսի փոխանցման համար:

– Այս վիրուսի փոխանցման տեսանկյունից ռիսկային խմբում են մարդիկ, ովքեր ունեն կամ նախկինում ունեցել են բազմաթիվ սեռական զուգընկերներ, ապրում են անկանոն սեռական կյանքով, կամ ունեն ցածր իմունային համակարգ:

– Սա և՞ս վտանգավոր է և համատեղելի չէ՞ հղիության հետ:

– Հղիության ընթացքում պապիլոմավիրուսի հայտնաբերումը ցուցում չէ հղիության ընդհատման: Հղիության ընթացքում, բացի կոնդիլոմաների մեխանիկական հեռացումից, գոյություն չունի բուժման որևէ այլ մեթոդ: Հղիության ընթացքում տեղի է ունենում իմունիտետի ֆիզիոլոգիական անկում։ Եթե կոնդիլոմաները սկսում են ագրեսիվ կերպով աճել, այս դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերել կեսարյան հատման միջոցով: Քանի որ վտանգ կա, որ բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում, ծննդաբերական ուղիներով անցման հետևանքով նորածնի մոտ կառաջանա մակկոկորդի պապիլոմատոզ:

– Ի՞նչ սկզբունքով է իրականացվում բուժումը:

– Բուժման ամբողջ նպատակը իմունային համակարգի բարձրացումն է, իսկ կոնդիլոմաների պարագայում՝ մեխանիկական հեռացումը՝ լազերային, այրելու, դեղորայքի այրման միջոցով և այլն:

– Դուք ինքներդ իրականացնո՞ւմ եք նշված վիրուսների ախտորոշումը և բուժումը:

– Այո, իհարկե: Ինձ կարելի է դիմել նաև այս խնդիրներով:

– Գիտենք, որ հեշտոցային արտադրություններ կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Ձեր պրակտիկայում, որո՞նք են առավել հաճախ հանդիպող պատճառները: Եվ արդյոք, որևէ դեպքում արտադրությունը կարելի է համարել նորմալ:

– Պացիենտին, ով դիմել է հեշտոցային արտադրության խնդրով, անպայմանորեն պետք է հարցնել գանգատների, զուգակցվող հիվանդությունների մասին: Հեշտոցային արտադրությունը նորմա կարող է համարվել, երբ այն թափանցիկ է, անհոտ. սա պայմանավորված է ձվազատումով և լինում է հիմնականում ցիկլի մեջտեղում:

Իսկ այն դեպքերում, երբ արտադրությունն ունի տհաճ հոտ, դեղնա-կանաչավուն գույն, արտահայտվում է հեշտոցի, շեքի հատվածի մաշկի գրգռմամբ, քորով՝ ապա սա վկայում է պաթոլոգիկ երևույթի մասին: Հաճախ գանգատվում են սպիտակ կաթնաշոռանման արտադրությունից, դա կարող է լինել կանդիդոզի կամ հեշտոցի նորմալ միկրոֆլոռայի խանգարման հետևանքով:

– Թյուր կարծիք կա, որ արտադրությունը այն կանանց մոտ, ովքեր չեն ապրում սեռական կյանքով, որևէ պաթոլոգիկ բնույթ ունենալ չի կարող: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա միանշանակ սխալ կարծիք է: Կանայք, ովքեր չեն ապրում սեռական կյանքով, նույնպես կարող են գանգատվել արտադրությունից: Այս դեպքում, որպես հիմնական պատճառ ենք դիտարկում հեշտոցի նորմալ միկրոֆլորայի խախտումը: Երբ նորմայից իջնում է լակտոբակտերիաների քանակը՝ գլուխ են բարձացնում պաթոլոգիկ բակտերիաները, կանդիդա տեսակի սնկերը և այլն:

– Ինչպե՞ս է իրականացվում քսուքի հետազոտությունը և ի՞նչ հնարավորություններ է սա տալիս:

– Ֆոլկմանի գդալի կամ հատուկ փայտիկի միջոցով վերցվում է քսուք ուրետրայից (միզուկ), հեշտոցի պատից և արգանդի պարանոցի ցերվիկալ օղից: Այնուհետև ուղարկվում լաբորատորիա։ Մասնագետը մանրադիտակի միջոցով նայում է և տալիս եզրակացություն։

Քսուքի անալիզի օգնությամբ կարելի է որոշել բորբոքային գործընթացների առկայությունը, գարդներելան, կանդիդա տեսակի սնկերի առկայության քանակությունը։ Սեռավարակներից, քսուքի օգնությամբ, կարելի է հայտնաբերել տրիխոմոնիազը, գոնորեան;

– Ինչի՞ մասին կարող է վկայել սեռական հարաբերության ժամանակ առկա ցավը:

– Ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով: Առաջին հերթին պետք է զրուցել զույգի հետ և հասկանալ խնդիրը: Ցավը կարող է պայմանավորված լինել հոգեբանական գործոնով, բորբոքային պրոցեսներով, ինֆեկցիաներով, էրոզիայի առկայության փաստով և այլն: Այն կարող է լինել նաև սեռական ակտից վախի դրսևորում:

Ո՞ր դեպքում սեռական հարաբերության ընթացքում ցավը կարելի է համարել նորմալ:

– Իհարկե, ցավի սինդրոմը նորմալ համարել չի կարելի: Սակայն կան խնդիրներ, որոնք անհամեմատ ավելի հեշտ են լուծվում: Օրինակ, բորբոքային պրոցեսի դեպքում, բուժումն արագ է և արդյունավետ: Հոգեբանական գործոնը, թվում է՝ ամենահեշտ լուծելի խնդիրներից է, սակայն, իրականում պահանջվում է զույգի հետ ավելի երկարատև աշխատանք:

– Ո՞ր խնդիրների դեպքում, հատկապես կարևոր է զույգի այցը բժշկի:

– Կարևոր է բժշկի այցելել զուգընկերոջ հետ, մասնավորապես, երբ խոսքը գնում է անպտղության կամ բորբոքային խնդիրների մասին:

– Այսօր արդեն արդի է հղիության պլանավորումը, երբ զույգը զբաղվում է առողջական խնդիրներով, հոգեպես և ֆիզիկապես պատրաստվում հղիությանը: Իսկ հնարավո՞ր է արդյոք կանխորոշել ապագա երեխայի սեռը:

– Այսօր ապագա երեխայի սեռի կանխորոշման բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն՝ արյան միջոցով, դիետաների, ամուսինների տարիքի և այլն: Սակայն բոլոր նշվածները չունեն գիտական հիմնավորում և դասվում են հիպոթեզների շարքին: Թերևս, ապացուցված մեթոդներից է ձվազատման հաշվարկումը: Սերմնաբջիջները լինում են երկու տեսակի՝ X քրոմոսոմ և Y քրոմոսոմ պարունակող։ Ապացուցված է, որ Y քրոմոսոմով սերմնաբջիջներն ավելի շարժունակ են, բայց կենսունակ չեն։ Հենց սրա վրա էլ հիմնված է ձվազատման միջոցով երեխայի սեռը պլանավորման մեթոդը։

Պետք է ասել, որ այս մեթոդը չունի 100% ճշգրտություն, սակայն մյուս բոլոր տարբերակներից, անհամեմատ, ավելի ճշգրիտ է:

2015թ. արխիվից

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031