Եվրամիությունում պարզաբանել են, թե որ դեպքերում կարող են չեղարկել Հայաստանի համար նախատեսված արտոնությունները
Հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցների կիրառման վերաբերյալ Եվրամիության կանոնակարգը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի վաղը։
Կանոնակարգում նշվում է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ տնտեսական կապերի զարգացմանն աջակցելու և այն արագացնելու համար կարևոր է ավելացնել առևտրային հոսքերը՝ խթանելով որոշակի ապրանքների ներմուծումը։
«2026 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնությունը լայնածավալ առևտրային միջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են Հայաստանի առանցքային արտահանվող ապրանքների ներմուծմանն ու տարանցմանը, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրին, մրգերին և բանջարեղենին։
Այս միջոցները զգալիորեն կրճատել են Հայաստանի հասանելիությունը իր ավանդական շուկաներին և խաթարել են ձևավորված մատակարարման շղթաները։ Իրավիճակը բացասաբար է անդրադարձել Հայաստանի արտահանման հնարավորությունների վրա՝ հատկապես հարված հասցնելով փոքր և միջին ձեռնարկություններին ու գյուղատնտեսական արտադրողներին, և սպառնում է լրջորեն խաթարել Հայաստանի տնտեսական կայունությունն ու սոցիալական կայունությունը։
ԵՄ-ն և Հայաստանը պարտավորվել են խորացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները և աջակցել առևտրի ու տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Այս համատեքստում և Հայաստանի հետ համերաշխության ոգով նպատակահարմար է խթանել առևտրային հոսքերը և տրամադրել արտոնություններ՝ առևտրի ազատականացման միջոցների տեսքով առանձին հայկական ապրանքների համար։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա ԵՄ-ի հետ առևտրի նկատմամբ ցանկացած սահմանափակում մտցնելուց։
Եթե Հայաստանը չպահպանի որևէ պայման, Եվրոպական հանձնաժողովը լիազորված է ժամանակավորապես, ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել կանոնակարգով նախատեսված առևտրի ազատականացման միջոցները։
Ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը Գործընկերության համաձայնագրի անբաժանելի տարրերն են։
Նախատեսված է ցանկացած ժամկետով ցանկացած միջոցի ընդունման հնարավորություն՝ սույն կանոնակարգի գործողության շրջանակում ընդգրկվող ցանկացած ապրանքի ներմուծման նկատմամբ, որոնք բացասաբար են ազդում ԵՄ շուկայի կամ ԵՄ մեկ կամ մի քանի անդամ պետությունների շուկայի վրա՝ նմանատիպ կամ մրցակցող ապրանքների առնչությամբ։
Հայաստանը պետք է իրականացնի սերտ և արդյունավետ վարչական համագործակցություն ԵՄ-ի հետ, այդ թվում՝ ապրանքի ծագումը հաստատող փաստաթղթերի ստուգման նպատակով։
Կանոնակարգը գործելու է երկու տարի», — նշել են ԵՄ-ում։

