Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico
Եվրոպական խորհրդարանի ամենամեծ՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (ԵԺԿ) խմբակցությունը, որին անդամակցում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մերժել է Եվրամիության առաջիկա յոթնամյա բյուջեում Գազայի հատվածի վերականգնման համար 15 միլիարդ եվրո նախատեսելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իրեն հասանելի դարձած լրամշակման նախագիծը։
Ընդ որում, Եվրահանձնաժողովի ղեկավարն ինքն ավելի վաղ բազմիցս հրապարակայնորեն ընդգծել էր, որ Եվրամիությունը պաղեստինցիներին հատկացվող օգնության խոշորագույն միջազգային դոնորն է, ինչպես նաև հայտարարել էր Գազայի հատվածում տիրող ծանր հումանիտար իրավիճակի ու դրա վերականգնմանը մասնակցելու ԵՄ պատրաստակամության մասին։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» մերժել է «Կանաչների» առաջարկած փոփոխությունը, որով նախատեսվում էր հաջորդ բյուջեում 15 միլիարդ եվրո ամրագրել Գազայի համար», — գրում է պարբերականը։
Բանակցություններին իրազեկ պատգամավորի խոսքով՝ ԵԺԿ-ում վաղաժամ են համարում միջոցների հատկացումը, քանի դեռ չկա հատվածի վերականգնման հստակ ծրագիր։
Միևնույն ժամանակ, սոցիալիստներն ու դեմոկրատները, «Ձախերը» և լիբերալ Renew խմբակցության մի մասը կողմ են արտահայտվում վերականգնման ֆինանսավորմանը։ S&D-ի ներկայացուցիչ Ռոբերտ Բեդրոնը Politico-ին հայտնել է, որ այնպիսի փոխզիջում է ակնկալում, որը «ԵՄ շոշափելի մասնակցություն կապահովի Գազայի վերականգնմանը»։
Եվրախորհրդարանը մտադիր է հինգշաբթի օրը համաձայնեցնել ընդհանուր դիրքորոշումը 200 միլիարդ եվրո ծավալով Global Europe հիմնադրամի վերաբերյալ, որից նախատեսվում է ֆինանսավորել ԵՄ արտաքին օգնությունը հաջորդ յոթնամյա բյուջեից։ Politico-ի տվյալներով՝ վերջնական տեքստում, ամենայն հավանականությամբ, այլևս չի ներառվի Գազային որոշակի գումար հատկացնելու պարտավորությունը։

