Այդ ժամանակ արդեն ՀՀ իշխանությունները   կասեն՝ «ցտեսություն, Մոսկվա». Մարկեդոնով

«Քվեարկել, թե չքվեարկել՝ ահա թե որն է հարցը» վերտառությամբ վերլուծությամբ ռուս քաղաքական մեկնաբան Սերգեյ Մարկեդոնովը շարունակել է վերլուծել հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան:

Նրա գնահատմամբ, ինչպես և սպասվում էր, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը Բիշքեկում բոլոր հարցերն իրենց տեղը չդրեց։ Սակայն, ըստ նրա, այն, ինչ արդեն իսկ աչքի է զարնում, հանրաքվեի հարցի շուրջ կոշտ տարաձայնությունն է. Մոսկվան շահագրգռված է, որ Երևանը հնարավորինս արագ ընտրություն կատարի երկու ինտեգրացիոն վեկտորների միջև, մինչդեռ հայկական կողմը խուսափում է նոր համապետական ընտրական գործընթաց անցկացնելուց։

« Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը, ինչպես ասում են, պիեսը շտկում է հենց դրա գրման ընթացքում։ Օգոստոսի 24-ին կառավարության նոր «հնգամյակի» ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը թույլ տվեց հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Բայց՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո։

Փաշինյանը խոստացավ, որ առաջիկայում կսկսի «այդ գործընթացը՝ հատկապես ուշադրություն դարձնելով ԵԱՏՄ մեր գործընկերների կոչերին»։ Մեկ շաբաթ անց։ Եվ նույն վարչապետը Բիշքեկում միանշանակ հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը (ընդունվել է 2025 թվականի մարտին, իսկ ապրիլին այն ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը) հայտնվել է այն պատճառով, «որպեսզի հանրաքվե չանցկացվի»։

Կարդացեք նաև

Եվս երկու օր անց՝ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, նա ընդգծեց, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել նախորդ տարվա «եվրոօրենքից»։  Կրեմլում հարցի վերաբերյալ այլ պատկերացումներ ունեն։ «Հարցրեք մարդկանց՝ ինչ են նրանք ուզում։ Նրանք կկատարեն իրենց ընտրությունը, և դրանով հարցը կփակենք»,- Բիշքեկում հանդիպման ժամանակ ամփոփեց Վլադիմիր Պուտինը»,- գրում է Մարկեդոնովը:

Շարունակելով՝ Մարկեդոնովը փորձում է վերլուծել, թե  ինչո՞ւ է Երևանը հետաձգում ինտեգրացիոն տարբեր հեռանկարների միջև ճակատագրական ընտրությունը։ «Սկսենք ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ներքաղաքական մոտիվացիայից։ Այն ավանդաբար անհետանում է մեր վերլուծական ռադարներից։ Հետաքրքիր դետալ։ Փաշինյանի վարչապետության տարիներին գործող իշխանությունները մեկ անգամ չէ, որ քննարկել են հանրաքվեներ անցկացնելու հնարավորությունը։ Բայց երբեք չեն անցկացրել։ Հիշենք Սահմանադրական դատարանի (ՍԴ) պատմությունը։ 2020 թվականի փետրվարին հենց Փաշինյանն էր ակտիվորեն առաջ մղում հանրաքվեի գաղափարը, Ազգային ժողովը նշանակեց այն, իսկ նախագահը սահմանեց օրը՝ ապրիլի 5-ը։

Այն ժամանակ վարչապետը պնդում էր, որ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության և այն ժամանակվա ՍԴ-ի  անդամներից յոթի, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների փաստացի դադարեցման հարցը պետք է լուծի ժողովուրդը։ Սակայն համաժողովրդական քվեարկությունն այդպես էլ չկայացավ, իսկ դատական համակարգում «հեղափոխությունն» իրականացվեց խորհրդարանի միջոցով։

Մարկեդոնովի գնահատմամբ, այսօր ԵՄ-ԵԱՏՄ ընտրության քվեարկությունը ոչ պակաս ռիսկային միջոցառում է։ «Եթե եվրոգաղափարը պարտվի, իշխանությունները պետք է հրաժարական տան։ Հայկական սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է Իսլանդիայի՝ վերջերս կայացրած եվրասկեպտիկ ընտրությունը։ Այս շարքում հիշենք նաև Նորվեգիայի երկու համանման հանրաքվեները՝ 1972 և 1994 թվականներին։

Ընդ որում՝ և՛ Ռեյկյավիկը, և՛ Օսլոն Բրյուսելի հետ շատ ավելի սերտ կապերի մեջ են, քան Երևանը։ Ոչ պակաս կարևոր հարց է՝ իսկ ինչպիսի՞ հաղթանակը կլինի բավարար լեգիտիմ։ 50%+1, երկու ձա՞յն, թե՞ 85%։ Հասարակական-քաղաքական պառակտումը  խնդիր է։ Նման ռիսկերը նոր փուլում բազմապատկելը կասկածելի հաճույք է»,- վերլուծում է քաղաքագետը:

Նա գրում է նաև  արտաքին քաղաքական շարժառիթների մասին։ «Հայաստանի կառավարությունը հիանալի հասկանում է, որ «այստեղ և հիմա» Ռուսաստանի և ԵՄ-ի հետ անհապաղ խզումը հղի է հետևանքներով և  տնտեսական, և քաղաքական, և սոցիալական առումով։ Ուստի Փաշինյանն ու նրա թիմը ցանկանում են «օրն անցկացնել, գիշերն էլ դիմանալ»։ Եվ Բրյուսելն էլ կհրավիրի բանակցությունների սեղանի շուրջ։

Այդ ժամանակ արդեն կարելի կլինի ասել՝ «ցտեսություն, Մոսկվա»։ Մինչ այդ Հայաստանի իշխանությունները ցանկանում են զերծ մնալ վերջնական ընտրությունից։ Քանի դեռ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ-ում, բայց միաժամանակ ցուցադրում է հետաքրքրություն եվրաինտեգրման նկատմամբ, Երևանում կարծում են, որ երկու կողմերի նկատմամբ էլ ազդեցության լծակներ ունեն։ Մոսկվան ստիպված է մտածել, թե ինչպես եվրասիական վեկտորն ավելի գրավիչ դարձնել Հայաստանի համար, իսկ Բրյուսելը՝ ընդլայնել Երևանի հետ համագործակցության հնարավորությունների շրջանակը։

Այս տրամաբանությունն անթերի կլիներ, եթե Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները գոնե 2014-2021 թվականների մակարդակում լինեին։ Սակայն իրողությունն այն է, որ նրանց միջև առճակատումը չի դադարում։ Հետևաբար, այսօրվա՝ երևանյան ոճով «դիվերսիֆիկացիան» փաստացի տարածվում է Հայաստանի տարածքի և նրա ժողովրդի վրա»,- այսպիսի եզրակացություն է անում Մարկեդոնովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930