Հարց եմ տալիս՝ ո՞վ է ռուսների տեղը գալու. եթե Ալիևն ու Էրդողանն էս ծաղրածուի վրա սրբում են կոշիկները, Պուտինն իրենցից վա՞տ տղա է, որ չսրբի. Միհրան Հակոբյան
«Դասեր» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Կա մեծ խաբկանք, որ հիմա ինչ տեղի է ունենում, պատմության ընթացքում արդեն տեղի է ունեցել: Դա այդպես չէ: Պարզապես կան կայուն փոփոխականներ, որոնք ոչ մի կերպ չեն փոխվում, օրինակ՝ աշխարհաքաղաքական շահերը, աշխարհագրությունը…
- Մարդը չի փոխվում, ինչպես չեն փոխվում պետությունները, ազգերն ու շահերը: Պայքար է, և այդ պայքարը հաճախ վերածվում է պատերազմների: Օկուպանտի բարդույթը ոչ ոքի չի կաշկանդում: Մեր պարագայում «Խաղաղության օրակարգի» մասին խոսելը ոչ միայն կեղծ է, այլև հանցագործություն է՝ ժողովրդի զգոնությունը բթացնելու առումով: Ի՞նչն է փոխվել. ո՞վ է որոշել, որ հայերի հետ այստեղ պետք է խաղաղ ապրել՝ թուրքե՞րը, թե՞ ադրբեջանցիները: Դրա գինը կա. ասում են՝ սա կանեք՝ կլինի խաղաղություն, չե՞ք անի՝ կգանք Իրևանի հետևից, կխոսենք Արևմտյան Ադրբեջանից: Հայաստանի կառավարիչ ծաղրածուի հայտարարած խաղաղությունը խաղաղություն է Ադրբեջանի պայմաններով: Ասում է՝ Քյարքի եմ ասում, որ պատերազմ չլինի: Է բա Իրևան ասա, որ ընդհանրապես պատերազմ չլինի…
- Տեղի է ունենում շատ ավելի ցինիկ իրադարձություն: Ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, ամեն ինչ լավ է, ամեն օր համերգ կանենք, դու գնա, ուրախացի, ծափ տուր… Դա նույնն է, որ քաղցկեղի 4-րդ ստադիայում գտնվող մարդուն ասեն՝ ուրախացի՛ր: Մի ամբողջ հասարակության սրանք դնում են անասունի տեղ: Տեղի է ունեցել ծանր պատերազմ, 150.000 մարդ հայրենազրկվել է, ունեցվածք, եկեղեցիներ, գերեզմաններ… ամեն ինչ թողել են այնտեղ, Բաքվում էլ հայ գերիներ ունենք, ասում են՝ ուրախացե՛ք, խաղաղություն է, ծա՛փ տվեք… Ու դա չեն անում միայն Հայաստանի կառավարիչները, դա անում են նաև նրանց ցինիկ տերերը:

- Ի՞նչ եք կարծում՝ 5000-ամյա ժողովրդին կարո՞ղ են ասել՝ փոխենք ճշմարտությունը տեղերով՝ ձեր թշնամին արդեն ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիներն են, այլ ռուսները: Գուցե «моральный урод»-ների համար սա նորմալ է, բայց ոչ մեծամասնության: Ի պատիվ Խորհրդային Հայաստանի ղեկավարության ու մտավորականության, ասեմ, որ համառ ջանքերով անգամ ԽՍՀՄ շրջանում հոմոսովետիկուսը չհաղթեց, ուր մնաց՝ հիմա:
- Ռուսաստանի վարքի հետ կապված որոշակի հարցեր օբյեկտիվորեն կարող են առաջանալ, բայց ասել՝ մեր թշնամին թուրքը չէ, այլ ռուսն է, կարող է աշխատել միայն անբարոյական մարդկանց մոտ: Ռուսնե՞րն են ձեզ կոտորել, ձեր պապերին կոտորել, ձեզ հայրենազրկել, թե՞ թուրքերը: Օպերան չե՞ն ռուսները սարքել, մետրոն չե՞ն ռուսները սարքել, Սևանը չե՞ն ռուսները փրկել, էլեկտրահաղորդակցության համակարգերը չե՞ն ռուսները սարքել, ո՞րը թվարկեմ… Էդ ի՞նչն եք դուք արել, էդ ինչի՞ փորձ դուք ունեիք, որ հիմա էլ ասում եք՝ Աջափնյակի մետրոն չենք կարողանում սարքենք, պիտի դիմենք ռուսներին, գան ասեն՝ ոնց անենք:
Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը.
«Իրենք մեծ փորձ ունեն այստեղ, և ուրախ կլինենք, որ իրենք այդ հարցում մեզ աջակցեն։ Մենակ Աջափնյակի մասին չէ։ Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկը մի կայարանով չի․․․ մի կայարան ասում ենք այդպես վախեցած, լարված, որ այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո դրանից հետո՝ երկրորդ, երրորդ։ Այս պահին տեսադաշտում առնվազն չորս նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի Չարբախ կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։
Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 6-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ստացել է Հայաստանի կառավարության ֆինանսական հաստատումը, և առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կորոշվի դրա իրականացման հստակ ձևաչափը։ Ավինյանի խոսքով՝ կայարանի կառուցման նախագիծն ու նախահաշիվն արդեն պատրաստ են, և այն գործադիրի կողմից հաստատված ենթակառուցվածքային խոշոր փաթեթի ամենահասուն ու իրականացմանը մոտ գտնվող կոմպոնենտն է։
- Ա՛յ զազրախոսներ, ժամանակին գնացել,102-րդ ռազմաբազայի դեմը քարերով միտինգ էիք անում: ՌԴ նախագահն օրեր առաջ ասաց՝ հենց ասեք, հաջորդ օրը հանում եմ բազան: Բա ինչի՞ չեք գնում, ցույց անեք, որ հանեք ռազմաբազան: Սա էլ ասում է՝ մեզ էլ պետք չի, ուզում եք՝ հանեք: Ո՞նց պետք չէ: Այսինքն՝ էս երկիրը проходной двор էր, ով ուզի՝ կարող է գալ, այստեղ բազա դնել, զորք ու զենք տանել-բերե՞լ. մեզ էլ դա պետք չի՞: Դրա համար Զախարովան ասաց՝ տղամա՞րդ ես, բան ես ասել, դե արա՛: Չե՞ս կարողանում ասես՝ հա, հանում եմ: Հենց այդ պատճառով եմ ասում, որ սրանք ծաղրածուներ են:
- Հայ-թուրքական այսօրվա հարաբերությունները կարգավորվում են 1921 թվականի Կարսի պայմանագրով: Սահմանի հարցերը դրանով լուծված են, այլ պայմանագիր չկա: Եթե ռուսները հայ-թուրքական սահմանից դուրս գան, ո՞վ է այդ սահմանը պահելու: 30 տարի էդ սահմանը նորմալ պահվել է ռուսների կողմից՝ կրակոց չի եղել, մարդ չի զոհվել, թուրքերը չեն եկել այստեղ, մենք չենք գնացել այնտեղ, ահաբեկիչներ չեն եկել: Սիրիայից, Կիպրոսից ու Իրաքից ուժե՞ղ երկիր էր Հայաստանը, որ Թուրքիայի պես բորենի երկիրը չմտներ այստե՞ղ: Էդ մտնելուց ո՞ւմ են հարցրել: Ռուսական ռազմաբազան է, չէ՞, զսպել, որ չմտնեն Հայաստան: Թուրքիան որ չի մտնում Հայաստան, ոչ թե 5000-անոց ռուսական կոնտինգենտից է վախենում, այլ միջուկային տերություն Ռուսաստանից ու ռուսական բանակից: Ու այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի անունը տալիս տակներն են անում, էսօր խոսում են Ռուսաստանի դեմ պատերազմից:

- Որ Եվրամիություն մտնելուց եք խոսում, տեսե՞լ եք՝ ձեր երկիրն աշխարհագրորեն որտե՞ղ է գտնվում: Նման հիմարություններով ժողովրդի ուղեղը լցնելը ոչ միայն սուտ է, այլև մեծ անբարոյականություն:
- Ես չեմ զարմանա, եթե Փաշինյանն առավոտյան իսլամ ընդունի: Ինքը նման խնդիր չունի: Ինքը խոսում է Առաքելական եկեղեցուց, ընտանիքից, բայց իրենք մի օր ընտանիք են, մի օր՝ չէ: Երբ նման որակի մարդկանց հետ գործ ունենք, ինչ էլ դուրս տա, իսկականից հետաքրքիր չէ, և վստահեցնում եմ՝ մեր ժողովրդի կրիտիկական մասի վրա դրա ասածները ոչ մի ազդեցություն չեն թողնում: Իրենք չեն հասկանում՝ մեր ժողովուրդը վիրավորված է:
- Ռուսների համար Հայաստանը շատ կարևոր է, իրենց ռազմական ներկայությունն այստեղ շատ կարևոր է: Մեր սիրուն աչքերի համար չեն իրենք այստեղ ռազմաբազա պահում, տարեկան 7-8 միլիոն դոլար գումար ծախսում: Մենք իրենց ենք պետք, իրենք՝ մեզ, բայց գուցե իրենք մեզ ավելի՞ շատ են պետք: Ռուսաստանի նախագահի խոսույթը ես հասկանում եմ: Իրենք գտել են լոխի, չմոյի ու կոշիկները վրան սրբում են: Եթե Ալիևն ու Էրդողանը սրբում են սրա վրա կոշիկները, Պուտինն իրենցից վա՞տ տղա է, որ չսրբի: Իրենից ստոր ու նողկալի կերպար դժվար գտնեն, բա ինչի՞ չսրբեն, որ: Մեկ է՝ դու սովոր ես կոշիկ լիզես, դե լիզի՛… էնքան լիզես, որ կշտանաս: Իրենք հասկանում են, որ գործ ունեն ստահակ նապաստակի հետ: Եթե դու միջազգային հարաբերություններում ապացուցված փչացված մեկն ես, հոր կողմի՞ց է բարեկամ, թե՞ մոր, որ Պուտինը նույնը չանի:
- Ընդ որում, Պուտինը շատ ընդգծված հարգանք էր ցուցաբերում Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ: Ալիևն ու Հայաստանի կառավարիչը լակոտանում են, բայց էս հարաբերությունների մեջ ո՛չ Պուտինը, ո՛չ Էրդողանը իրենց նման բան թույլ չեն տալիս:
- Դուք գործ ունեք մի շատ մեծ պետության հետ՝ Ռուսաստանի, որը պետության ու դիվանագիտության շատ մեծ ավանդույթներ ունի: Ու շուկայի մի առևտրական բազարչի էսօր որոշել է այդ մարդկանց հետ շախմատ խաղալ, այն դեպքում, երբ չի կարող անգամ քարկտիկ խաղալ…
- Մի հատ պատկերացրեք՝ ռուսական հետախուզությունը, նրանց ավանդույթները ու ինչ-որ Քրիստիննե Գրիգորյան… պատկերացրեք…
Նկատի ունի ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Քրիստիննե Գրիգորյանին:

- Էդ «ինքնիշխանություն» բառը շատ մի՛ թմբկահարեք, որովհետև կարող եք ծիծաղի առարկա դառնալ: Դուք հայ-թուրքական սահման ունեք, որը ռուսներն են պահում: Էդ սահմանը պիտի պահվի, որովհետև դուք գիտեք՝ ովքեր են թուրքերը: Եթե քո տեղն էդ սահմանը պետք է որևէ մեկը պահի, ուրեմն ինքնիշխանությունից մի՛ խոսի: Բացի դրանից, էդ ո՞վ է երբևէ ասել, որ Հայաստանն ինքնիշխան երկիր չէ, մեզ որևէ մեկը նման բան ասե՞լ է, որ մի հատ էլ վիրավորվում եք:
- Չե՞ք նկատել, որ Հայաստանի բոլոր հակառուսները ռուսախոս են:
- Եթե ռուսներն էս տարածաշրջանից դուրս են գալիս, էս վակուումն ո՞վ է փակելու՝ թուրքե՞րը, թե՞ պարսիկները: Ավելին, քեզ ո՞վ է հարցնելու: Ընդ որում, յուրաքանչյուրն էլ ձգտելու է շուտ գալ, որ մյուսից առաջ ընկնի, տեղը զբաղեցնի… Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է ռուսների տեղը գալու: Ասացի արդեն՝ այս աշխարհում կան փոփոխականներ, որ հարատև են, կայուն են. դա աշխարհաքաղաքական շահն է: 200 տարվա մեջ ի՞նչն է փոխվել… Թե՞ Կայա Կալասի դեմքին նայել եք, կամ 2 հատ կոստյում եք հագել, հավատացել եք, որ աշխարհում այլևս պատերազմ չպետք է լինի: Եվրոպայում՝ Ուկրաինայում, տեսե՞լ եք՝ էդ Կայա Կալասների պատճառով ինչքա՞ն մարդ է զոհվել, արդեն 1 միլիոնի է հասնում զոհերի թիվը: Կամ, որ Ղարաբաղը տվել եք, դրա հետ հաշտվել եք, մտածել եք՝ հարցը լուծվե՞ց… Ինչի Ադրբեջան պետության ստեղծման հիմքերում Ղարաբա՞ղն է դրած եղել: Ադրբեջանն ի հայտ է եկել՝ որպես երիտթուրքական, բրիտանական պրոյեկտ. այդպիսով ստեղծվել է մի բորենի, որը հակահայկական, հակապարսկական և հակառուսական նպատակներ է հետապնդել: Ընդ որում, իրենց գծած սցենարով էդ երեքից միայն հայերը պետք է ցեղասպանվեին… Բա «Նեմեսիսի» անդամներն ինչի՞ Բաքվում ոչնչացրեցին Ադրբեջանի առաջնորդներից շատերին, որովհետև պակաս ցեղասպաններն էլ դրանք չէին, ներկայիս Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում քիչ հայի գլուխ էին կերե՞լ… Կրկնում եմ՝ Ադրբեջանն այստեղ բրիտանացիների կողմից ստեղծված քաղցկեղ է, որի նպատակն է՝ լինել հակառուս և հակաիրանական և խմել հայերի արյունը: Եվ ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իլյուզիաներ չունենա:
- TRIPP-ն, իմ խորին համոզմամբ, ամերիկացիների ծրագիրն է, որպեսզի Եվրոպայի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուզած Միջին միջանցքը չաշխատի: Կարդացե՛ք Ջոն Մաքքինդեր: Այդ մարդը պարզ բացատրում է, թե Բրիտանական կայսրությունն իրեն ինչպես պետք է դրսևորի: ԱՄՆ խնդիրը ծովային առևտուրն իր ձեռքում պահելն է: Իրանի պատերազմն ինչի՞ մասին էր: Հորմուզի նեղուցի համար ինչի՞ են պատերազմներ մղվում: Թույլ տվեք խորը կասկածներ հայտնել, որ TRIPP-ն աշխատելու է: Իրանից բացի, այդտեղ խնդիրներ ունեն Ռուսաստանը, Չինաստանը և, գուցե տարօրինակ թվա, բայց նաև Թուրքիան: Եթե Ձեզ թվում է՝ Ռուսաստանը նման բան թույլ է տալու, չարաչար սխալվում եք:
Հալֆըրդ Ջոն Մաքքինդեր (Halford John Mackinder) բրիտանացի աշխարհագետ, քաղաքագետ և դիվանագետ, որը համարվում է ժամանակակից աշխարհաքաղաքականության և ռազմավարական աշխարհագրության հիմնադիրներից մեկը: «Հարթլենդի» տեսություն (The Heartland Theory): Նրա ամենահայտնի հայեցակարգն առաջին անգամ ներկայացվել է 1904 թվականին՝ «Պատմության աշխարհագրական առանցքը» (The Geographical Pivot of History) զեկույցում։ Մաքքինդերը Եվրասիայի կենտրոնական և հյուսիսային տարածքը սահմանեց՝ որպես «Հարթլենդ» (Սրտային տարածք)։ Նրա հայտնի բանաձևն ամփոփում է այս ռազմավարությունը.
«Ով տիրապետում է Արևելյան Եվրոպային, նա տիրապետում է Հարթլենդին;
Ով տիրապետում է Հարթլենդին, նա տիրապետում է Համաշխարհային կղզուն (Եվրասիա և Աֆրիկա);
Ով տիրապետում է Համաշխարհային կղզուն, նա տիրապետում է ամբողջ աշխարհին»։
Մաքքինդերը մեծ դեր է խաղացել Մեծ Բրիտանիայում աշխարհագրությունը որպես ինքնուրույն գիտական և ակադեմիական առարկա հաստատելու գործում: Նա Օքսֆորդի համալսարանի աշխարհագրության առաջին դասախոսներից էր և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (LSE) տնօրենը (1903–1908 թթ.): Բացի գիտական գործունեությունից, նա եղել է բրիտանական խորհրդարանի անդամ (պատգամավոր): Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919-1920 թվականներին, Մաքքինդերը ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի գլխավոր հանձնակատար Հարավային Ռուսաստանում՝ անմիջականորեն առնչվելով Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին և հետպատերազմյան տարածաշրջանային վերաձևումներին։ Մաքքինդերի գաղափարները վճռորոշ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի ԱՄՆ-ի և Արևմուտքի ռազմավարական մտքի (այդ թվում՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանի «զսպման քաղաքականության») վրա և շարունակում են ուսումնասիրվել ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ:

- Օտարերկրյա սվինների ազդեցության տակ իշխանությունը պահելու միակ տարբերակը Հայաստանի կառավարչի պաշտոնում հայտնված այս ծաղրածուի համար Ալիևի մոտ նասկի աշխատելն է, և սա դա բավարարում է: Ինքը մի բան է կարողանում անել՝ Հայաստան հանձնել, հող հանձնել, ուրիշ ոչ մի բան: Մինչև 2020թ. պատերազմը հասկացողների համար պարզ էր, որ Ալիևը Ղարաբաղով չի բավարարվելու: Իրենք հավակնում էին Սյունիքին, Երևանին, և այդ առումով ոչինչ չի փոխվել նրանց ծրագրերում: Հիմա էլ են հավակնում:
- Առաջինը բրիտանացիներն են որոշել, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում՝ մի շատ պարզ պատճառով: Նրանք ասում էին՝ ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է Բաքվի երկաթգծին: Իրենց չէր հետաքրքրում, թե հազարամյակներով իրենց հայրենիքում ապրող հայերի հետ ինչ կլինի՝ ո՞ղջ կմնան, կկոտորվե՞ն, թե՞ ինչ կլինեն… Կարևորը մառախլապատ Լոնդոնում իրենց կրուասանը և սթեյքը տեղը լիներ…
- Մեր ժողովուրդը պետք է իմանա՝ քանի կա Ադրբեջանը, իրենք չեն հանգստանալու, ու մենք միշտ ունենալու ենք խնդիր:
- Իսկ արժանապատվություն ունեցող հայը կարո՞ղ է ռևանշիստ չլինել: Թուրքի կոշիկ լիզողներն ասում են՝ ո՞ւմ արյունով եք ուզում պատերազմ անել: Ուղիղ ասում եմ՝ ձեր: Բա հանձնելուց լավ եք, վերադարձնելուց չէ՞:
- Կաթսան եռալու է, մենք Ղարաբաղի խնդրին էլ ենք վերադառնալու, շատ այլ խնդիրների էլ, որովհետև շատ բան մեր ուզելով կամ չուզելով չէ: Ղարաբաղի հարցը դուք չեք որոշում՝ փա՞կ է, թե՞ չէ: Մե՛նք ենք որոշում: Ես էլ ասում եմ՝ ոչ միայն Ղարաբաղի հարցը փակ չէ, այլև Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի…
- Երկու տարի է՝ սրանք Ալիևին աղաչում են, ասում են՝ մեզ հրավիրեք Բաքու, բաց տեքստով խնդրում են, չեն հրավիրում…

- Բա եթե Ալիևն իրավունք ունի քեզնից պահանջել, որ Սահմանադրություն փոխես, Պուտինն իրավունք չունի՞ պահանջել, որ հանրաքվե անես ԵՄ մտնելու հարցով: Եթե Ալիևն ունի, ուրեմն Պուտինն էլ իրավունք ունի պահանջել, Դանիայի վարչապետն էլ, բոլորն իրավունք ունեն… Էս մարդը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի, որից չի կարող դուրս գալ: Ինքը Հայաստանի շահերի հաշվին ցանկանում է բավարարել բոլորին, բայց Հայաստանի ռեսուրսներն անսպառ չեն:
- Բոլորը գիտեն, չէ՞, որ Ալիևի կլանը նավթը լափել, միլիարդները տարել-պահել է այլ երկրներում: Իր ժողովրդին ասել է՝ սպասեք, Ղարաբաղի հարցը լուծեմ, լավ կապրեք: Բայց հիմա էլ է լափում, իսկ ադրբեջանցի ժողովուրդը լավ չի ապրում: Բա ո՞նց պահի իր իշխանությունը, ինչի՞ պիտի ուզի խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, եթե հայատյացությունը նրա իշխանության աղբյուրն է:
- Եթե Ալիևը կարողացել է ձեր վախը բռնել, Ալիևից 10 անգամ հզորներն ինչո՞ւ չպետք է նույնն անեն:
- Ռուսաստանի դեմ ինչ-որ բան անելը նշանակում է կրակել սեփական ոտքին: Ի՞նչ ես անելու՝ ատոմակայա՞նն ես փակելու, ԵԱՏՄ-ի՞ց ես դուրս գալու, ռազմաբազա՞ն ես հանելու, ՀԱՊԿ-ի՞ց ես դուրս գալու… է, դուրս արի, փակի… հետո՞… ի՞նչ ես անելու:
- Վանո Սիրադեղյանը մի գիրք ունի՝ «Գյադաների ժամանակը»: Միջազգային հարաբերություններում գտել են մի գյադա ու նրա հետ գյադայի պես էլ վարվում են: Եթե ինքն իրեն չի հարգում, իր տղամարդու խոսքը չեն հարգում, իրեն ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը հարգի:
- Մեր ազնիվ ցեղը պետք է զինվի համբերությամբ, երբեք չկորցնի հույսն ու հավատը և սպասի հարմար պահի, որը սարերի հետևում չէ…
Մանրամասները՝ տեսանյութում։

