Այս գործը բացարձակ ապօրինի բնույթ ունի․ քաղաքական հետապնդում է․ Արմեն Ֆերոյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 168․am-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում է՝ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 միլիարդ դրամ գրավ խափանման միջոցները: Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը, լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որի նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա։
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արմեն Ֆերոյանը 168․am-ի հետ զրույցում նշեց․ «Մենք նույն դիրքորոշմանն ենք՝ այս գործը բացարձակ ապօրինի բնույթ է կրում և քաղաքական հետապնդում է։ Այդ պայմաններում խոսել դատարանից ինչ-որ մեծ ակնկալիքների մասին․․․ մեծ հույսեր չունենք»։
Անդրադառնալով նաև ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստան»-ի հասցեին հնչող կաշառք տալու մասին տարատեսակ մեկնաբանություններին՝ փաստաբանը հավելեց, որ իրեն հայտնի չեն կաշառքի մասին գործեր, սակայն փոխարենը՝ հայտնի են գործեր, որոնցով մարդկանց ակնհայտ ապօրինի մեղադրանքներ են առաջադրել իբրև ընտրակաշառքի վերաբերյալ, ինչն ամենևին ընտրակաշառքի հետ կապ ու առնչություն չունի։
Նման խոսույթը միտված է իմիտացիա ստեղծելուն»։

